Իրանահայութիւնը ծուռ հայելու մատուցմամբ


Իրանահայութիւնը ծուռ հայելու մատուցմամբ

  • 29-12-2010 14:51:45   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Նախորդ «Իրանական շաբաթ»-վայ («REPORT.AM»-ի 13 դեկտ.-ի թ.) առթիւ յարգելի կարծիք յայտնողներից երկուսը առաջարկել էին, որ տուեալ սիւնակում նաեւ անդրադարձնէր լինէն «Իրանահայ շաբաթ»-ին: Շնորհակալութիւն յայտնելով առաջարկի համար՝ պէտք է ասենք, որ անկախ յաճախականութիւնից՝ դա միանգամայն հնարաւոր է ու նաեւ ըստ ձեզ՝ անհրաժեշտ: Այլ հարց, թէ դա ինչ ձեւաչափով կը մատուցուի, որն արդէն վերապահուած է «Report»-ի հայեցողութեանը: Իսկ ինչ վերաբերում է յարգարժան Լեւոն Ս.-ի.... «Ինձ մասնաւորապէս հետաքրքրում է վերջին շաբաթներին «Ազգ» թերթում քննարկուող մի թեմա՝ կապուած Լեւոն Ահարոնեանի «Փոթորկոտ կեանքիս օրերը» պարսկերէն գրքին...», թոյլ տուէք յայտնել, որ մեր կողմից նպատակայարմար համարուող տարբեր թեմաների մասին հրապարակումները առհասարակ յարկ չենք համարում պայմանաւորել այս կամ այն լրատուամիջոցի հրապարակմամբ ու մասնաւորապէս «Ազգ»-ում մատուցուած «քննարկումներով», որոնք բազմաթիւ անգամ ապացուցել էն (խօսքը, անշուշտ, իրանահայ համայնքի վերաբերեալ որոշակի հաղորդում-յօդուածների մասին է) նախապաշարմունքների բարդոյթով տառապողների շտեմարանը հանդիսանալու «լրատուական առաքելութիւն», այն էլ հայաստանեան բարեկիրթ ու գրագէտ լսարան-ընթերցողների հաշուին: Յարգարժան պրն. Լեւոն Ս., ենթակայական չհնչուելու համար՝ լոկ բաւարարւում ենք ասելով, որ «Ազգ»-ն նման հրապարակումներում բազմիցս է փաստել իր ֆունկցիոնալ կոչումին իսկ հակառակ՝ «ընդդէմ»-ին եւ ոչ թէ «յանուն»-ին տուրք տալու հանգամանքը: Ուստիեւ իր էջերում իրանահայութեանը վերաբերող (երեք տասնամեակ առաջուայ իրադարձութիւնների մասին) վերջին առանց այդ էլ հնաոճ ու հնաբոյր հրապարակումներն կարելի է սեպել «Ազգ»-ի երբեմնի ուղեկից, ՀՌԱԿ արդէն նախկին ատենապետ Հ. Առաքէլեանի բնութագրմամբ՝ հերթական «վաշխառուական» պահուածք, անշուշտ, այս անգամ հասարակա-քաղաքական տուայտանքների տեսքով... Մի խօսքով՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ի օրինաչափութեամբ՝ «Ազգ»-ի պահուածքը բնորոշելի է հետեւեալով.- Որտեղ մաղձոտ հակադաշնակցութիւն, որտեղ թունոտ հակա-կիլիկիոյ կաթողիկոսութիւն եւ վերջին ժամանակներս էլ որտեղ ցինիկ, անգրագէտ ու փութկոտ հակա-«Ալիք»-ականութիւն, այնտեղ էլ՝ «Ազգ»-ադաւ գրչակներ ու սրանց սփիւռքեան թութակ-արբանեակների լոկ թոյն ու մաղձ թափելու մոլուցք… Ցաւալիօրէն ենք շարադրում վերոգրեալը. նախ նրա համար, որ Նոր տարին մօտ է ու Ս. Ծննդեան տօնական տրամադրութիւններին ոչ-համահունչ, ապա՝ այն պատճառով, որ ընդամէնը 2-3 ամիս առաջ հայաշխարհի լրատուամիջոցների ներկայացուցիչներս համախմբուել էինք հերոսական Արցախում, այն հեռանկարով, որ միմեանց թիկունք լինելով՝ քարոզչական հարուածները կենտրոնացնենք ընդհանուր հակառակորդ-թշնամիներին..., բայց երիցս պարզուեց, որ «Ազգ»-այինները երեւի «բարձր ու ինքնանպատակ պրոֆէսիոնալիզմից» մղուած՝ դա հասկանում էն իրանահայ հինաւուրց ու ամենահայաստանամերձ եւ, այո, շատ թերութիւններով հանդերձ կենսունակ եւ համախումբ ու միասնական համայնքը ծուռ հայելու (այն էլ վաղուց սպառուած, ժամկէտանց ու փտած մտայնութիւնների վերարտադրմամբ) մէջ ներկայացնելու ամբոխահաճ սենսացիաներով: Ու այստեղ լռելը (այս կարգի լրատուութեան ու այդպիսիների նկատմամբ մշտապէս պահպանել ենք լռութիւնը), մեղմ ասած՝ ճիշտ չէր ընկալուի, մանաւանդ նման թեմաներում անընդհատ ապատեղեկատուութեան չարաշահման ենթակայ հայաստանեան գիտակից ու յարգելի հասարակայնութեան կողմից: * * * Գալով նոյն սիւնակում լուսաբանութիւն պահանջող միւս յարգելի ընթերցողի մատնանշած «Թեհրանում բռնութիւնների ենթարկուած հայ աղջկայ ճակատագրի» մասին, պէտք է յայտնենք, որ 1- Դէպքը պատահել է Նոր Ջուղայում (Սպահան)... 2- «Լրատուութիւնը», թէպէտ յղումով (NCR-IRAN.ORG), բայց շրջանառութեան մէջ էր դրել «NEWS.am» կայքը, բոլորովին անհամապատասխան իրականութեանը, քանզի հայ պարմանուհին ոչ թէ «անպատշաճ հագուստի», այլ իր պայուսակը յափշտակելու համար էր յարձակման ենթարկուել. իսկ քաշքշուկներից յետոյ նրան օգնութեան էն հասել տեղում ականատէս հայ թէ պարսիկ հայրենակիցներն ու խնդիրն այդպիսով աւարտուել: 3- Սոյն հապճեպ լրատուութեան առաւել խոցելի կողմը կայանում է օգտագործուած նկարում, որը վերաբերում էր 2009 թ. Իրանի նախագահական ընտրութիւնների միջադէպերից մէկին: 4- Բարեբախտաբար, «Ալիք»-ի արագ արձագանքման արդիւնքում՝ «NEWS.am»-ը հերքեց ու սրբագրեց այդ լրատուութիւնը: ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը