Կատարուեց օրհնութեան կարգ հին Վեհարանի նորոգման եւ վերակառուցման առիթով<br />


Կատարուեց օրհնութեան կարգ հին Վեհարանի նորոգման եւ վերակառուցման առիթով

  • 27-12-2010 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարուեց օրհնութեան կարգ հին Վեհարանի նորոգման եւ վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգուել է լուսահոգի Վազգէն Ա Հայրապետի շրջանում` 1958 թուականին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներն իրականացւում են բարերարութեամբ Մայր Աթոռի արժանավոր զավակների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի եւ նրա տիկնոջ` Վերա Սեդրակեանի: Շինարարութիւնն իրականացնում է «Հորիզոն 95» ՍՊԸ-ն` գլխաւորութեամբ Գագիկ Գալստեանի: Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Վեհարանի նորոգութեան եւ վերակառուցման աշխատանքներինղ Նորոգութեան ընթացքում յայտնաբերուել են տարբեր ժամանակաշրջաններում իրականացուած շինութիւնների շերտեր, վաղ շրջանի կառոյցներ, որոնք պեղումների արդիւնքում գիտնականների կողմից թվագրվել են 7-9-րդ, 12-13-րդ դարերով: Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ դրանք անխաթար կպահպանուեն, իսկ հին Վեհարանի շէնքը կպահպանի իր պատմա-ճարտարապետական հորինուածքը: Նորոգությունից յետոյ հին Վեհարանը կշարունակի գործել իբրեւ թանգարան: Ծանուցվեց նաեւ, որ Վեհարանի պատմական կառոյցի հարաւ-արեւմտյան մասում կառուցւում է կացարանային մասնաբաժին: Միասնական Տերունական աղօթքից յետոյ Տ. Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեանն ընթերցեց այս առիթով կազմուած յիշատակարանը, որում մասնաւորաբար ասւում է. «Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում եկեղեցանվեր ու ազգասէր հայորդեաց, որ սատար են լինում վերաշինութեանը եւ բարեկարգմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայոց Սրբազան հոգեւոր կենտրոնի: Թող Ամենակալ Տերն օրհնի բարերարներին եւ երկնաշնորհ յաջողութիւններ պարգեւի նրանց բոլոր եկեղեցաշեն ու ազգանուէր բարի գործերին. ամէն»: Ապա Նորին Սրբությունն արձանագրութիւնը զետեղեց շէնքի հիմքում` մաղթելով, որ Աստուած շեն ու պայծառ պահի Սուրբ Էջմիածինը եւ եռանդաշատ` Մայր Աթոռի միաբանութիւնը, որպէսզի այն պատւով եւ արդիւնաւորութեամբ շարունակի իր սրբազան առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում: Արարողութեանը մասնակցում էին Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսեանը, Տ. Փառեն եպիսկոպոս Աւետիքեանը, Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Մայր Աթոռի միաբաններ եւ պաշտոնեաներ:
  -   Հասարակութիւն