ՀՀ նախագահը վստահ է, որ վերամշակողների համագործակցութիւնը կառավարութեան հետ լինելու է աւելի արդիւնաւէտ


ՀՀ նախագահը վստահ է, որ վերամշակողների համագործակցութիւնը կառավարութեան հետ լինելու է աւելի արդիւնաւէտ

  • 05-05-2011 19:34:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 5-ին խորհրդակցութիւն է հրաւիրել ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերութիւնների ղեկավարների մասնակցութեամբ: Մայրաքաղաքի եւ մարզերի աւելի քան երկու տասնեակ վերամշակող ընկերութիւնների ղեկավարների հետ ,երեւան գարեջուրէ Փբը-ում անցկացուած խորհրդակցութեանը ներկայ են եղել նաեւ ՀՀ գիւղատնտեսութեան եւ ֆինանսների նախարարները, կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահը, ովքեր ներկայացրել են ագրովերամշակող արդիւնաբերութեան եւ մթերումների կազմակերպման ընթացիկ խնդիրները, հարկային, մաքսային համակարգում իրականացուող բարեփոխումները, որոնք ուղղուած են տարբեր ոլորտների, այդ թւում` ագրովերամշակման ոլորտի մասնաւոր տնտեսութիւնների համար զարգացման նպաստաւոր պայմանների ապահովմանը: Հանդիպման սկզբում Ս.Սարգսեանը նշել է, որ հանրապետութեան խոշոր տնտեսվարողների եւ հարկատուների հետ իր նախաձեռնած հանդիպումները նպատակ ունեն անմիջականօրէն տնտեսվարողների հետ քննարկել իրենց խնդիրները, խօսել տարբեր ոլորտների այդ ընկերութիւնների ներկայի եւ ապագայի, զարգացման ծրագրերի, նաեւ` կառավարութեան հետ համագործակցութեան մասին: Երկրի ղեկավարի խօսքով, հանդիպումների ընթացքում իր կողմից կարեւորուել եւ այսուհետ էլ կարեւորուելու են պետական եկամուտների կոմիտէի հետ աշխատանքներն ու ընդհանրապէս, հարկային մուտքերի հետ կապուած ամբողջ գործընթացը: «Գործընթաց ասելով` նկատի չունեմ զուտ միջոցների ներգրաւում պետական բիւջէ, այլ` այդ գործընթացի պարզեցում, տնտեսվարողների համար աւելորդ հոգսերից ձերբազատում, ակնկալելով, որ տնտեսվարողներն իրենք գիտակցաբար կանէն առաւելագոյնը, որպէսզի իրենց հարկային պարտաւորութիւնները կատարեն, քանի որ մենք եկամուտների, թոշակներ, աշխատավարձեր վճարելու, պաշտպանութեան ծախսեր կատարելու այլ աղբիւրներ չունենք: Դրա համար էլ այս գործընթացում մենք կարեւորում ենք նշուած ծախսերի կատարման առումով որեւէ ռիսկ չստեղծելը: Հանքարդիւնաբերողների եւ բանկիրների հետ հանդիպումներից յետոյ, ես ցանկացայ, որպէսզի հերթական հանդիպումը լինի վերամշակող ձեռնարկութիւնների ղեկավարների, սեփականատէրերի հետ, որովհետեւ մենք, իրօք, ամէն տարի հանդիպում ենք, խօսում գիւղմթերքի իրացման, գիւղացիական տնտեսութիւնների հետ աշխատանքների մասին: Բայց կարծում եմ, որ այդպիսի հանդիպումներն աւելի արդիւնաւէտ կը լինեն, եթէ տեղի ունենան ոչ թէ արդէն ամռան վերջին, աշնան սկզբներին, երբ անհրաժեշտ է մթերումները կազմակերպել, երբ կան ժամանակային ճնշումներ, եւ հնարաւոր չի լինում որոշակի խնդիրներ լուծել, այլ հիմա, երբ իսկական ժամանակն է, որպէսզի մենք փորձենք քննարկել նաեւ այն խնդիրները, որոնք ծառացած են ձեր ընկերութիւնների առջեւ: Շատ լաւ տեղեակ եմ, որ պարբերաբար հանդիպում էք գիւղնախարարի հետ: Գիւղնախարարը նախկինում լինելով ձեր ոլորտից` կարծում եմ, լաւագոյնս տիրապետում է այն խնդիրներին, որոնք գոյութիւն ունեն ոլորտում: Վստահ եմ, որ հիմա յատկապէս վերամշակողների համագործակցութիւնը կառավարութեան, կոնկրէտ` գիւղնախարարութեան հետ, լինելու է աւելի արդիւնաւէտ: Մեր պայմանաւորուածութիւնները չեն փոխուել, եւ այս ընթացքում, կառավարութիւնը եւ, ի հարկէ, առաջին հերթին գիւղնախարարութիւնը լինելու են ձեր աջակիցը: Բոլոր խնդիրների առումով, գիւղնախարարութիւնը հանդէս է գալու որպէս պատրաստակամ գործընկեր, իսկ աշնանը, ինչպէս նախորդ անգամ ենք խօսել, պետութիւնը կանգնելու է գիւղացու կողքին: Մենք մշտապէս կարեւորել ենք մի քանի դրոյթներ, եւ այսօր ցանկանում եմ այդ դրոյթները մէկ անգամ եւս բարձրաձայնել, որպէսզի մեզնից որեւէ մէկը չմոռանայ դրանց մասին: Սկսենք նրանից, որ անընդունելի է, երբ դուք պայմանագրեր էք կնքում գիւղացիների հետ, այնուհետեւ, կապուած իրավիճակից` բերքի քանակից եւ այլն, սկսւում են որոշակի քննարկումներ գների վերաբերեալ: Եւ մի տեսակ տարօրինակ պատկեր է ստացւում, երբ երկու հարեւան մարզերում, որոնք իրարից էապէս չեն տարբերւում, մենք գրանցում ենք գիւղմթերքի տարբեր գներ: Կարծում եմ` սա ճիշտ չէ: Կարծում եմ, որ ամենաճիշտ մօտեցումն այն է, երբ հէնց սկզբից սկսէք պայմանագրերի կնքումը, որպէսզի մարդկանց համար պարզ լինի, թէ իրենց արտադրանքն ի՞նչ գնով են վաճառելու, նաեւ ձեզ համար պարզ կը լինի ձեր ապագայի ծրագրերը կազմելու համար: Հասկանում եմ, որ իւրաքանչիւր ապրանք, այսպէս ասած, երկու գին ունի. մէկը` վաճառողի, միւսը` գնողի համար: Գնողը ցանկանում է աւելի էժան գնել, վաճառողը ցանկանում է աւելի թանկ վաճառել: Բայց երկու պարագայում էլ եւ՛ գիւղացիները, եւ՛ տնտեսվարողները պէտք է կարողանան օպտիմալ գին ամրագրել, որպէսզի մի կողմից` յաջորդ տարի եւս գիւղացին շահագրգռուած լինի, մթերք աճեցնելու հնարաւորութիւն ունենա, միւս կողմից էլ` դուք հնարաւորութիւն ունենաք յաջորդ տարուայ բերքը մթերելու եւ շահոյթով աշխատելու: Այսինքն, այս գործընթացն անպայման պէտք է լինի երկկողմանի: Կարծում եմ, որ մենք, գոնէ եթէ ոչ այս տարի, ապա յաջորդ տարի պէտք է հասնենք նրան, որ բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կարողանան ունենալ իրենց նախնական գնահատականները մթերուող բերքի քանակի վերաբերեալ եւ ըստ այդմ` ունենան պայմանագրեր: Պայմանագրերն անհրաժեշտութիւն են: Վստահեցնում եմ ձեզ, եթէ մի տարի մեզ յաջողուի գիւղացիների հետ մթերուող արտադրանքի ծաւալի չափով պայմանագիր կնքել, ապա յաջորդ տարի գիւղատնտեսական արտադրանքն անպայման աւելանալու է: Իսկ գնալով վերամշակող ձեռնարկութիւնների քանակն է աւելանում, հզօրութիւններն են մեծանում, փառք Աստծոյ, պահանջարկն էլ շատ է: Երեւի, մենք պէտք է կարողանանք ինչ-որ տեղ շրջանառու միջոցների որոշակի հարցեր լուծել, որպէսզի այս անիւն սկսի մեծ թափով պտտուել: Որքան վերամշակողի հետ խօսել եմ, միշտ ասում են` իրացման խնդիր չկայ, եթէ ի հարկէ, կատակլիզմները չհաշուենք եւ մի կողմ թողնենք, որ ճգնաժամի արդիւնքում կոնեակի իրացման ծաւալները քչացան, բայց այսօր կարծես հասնում ենք 2008թ. մակարդակին, երբ ամենամեծ ծաւալներն էին: Այսինքն, ուզում եմ ասել, որ դուք նաեւ առաքելութիւն ունէք` խթանելու գիւղատնտեսական ապրանքների արտադրութիւնը եւ ոչ միայն նրա համար, որպէսզի կարողանանք աւելի մեծ քանակով մթերք վերամշակել, արտահանել, շահոյթ ստանալ, այլ նաեւ այն պատճառով, որ մթերքի արտադրութիւնը կտրականապէս կ'ազդի գնաճի մակարդակի վրայ: Սա էական հանգամանք է: Ես պայմանաւորուել եմ վարչապետի հետ, որպէսզի ինքն անձամբ զբաղուի ձեր խնդիրներով մինչեւ աշուն: Աշնանը վարչապետի եւ, ի հարկէ, գիւղնախարարի հետ միասին կը հաւաքուէք եւ արդիւնքներն ի մի կը բերէք: Կարծում եմ, որ այն ժամանակ մենք աւելի յստակ կարող ենք խօսել մեր կատարած աշխատանքի եւ արդէն տարուայ կտրուածքով որոշակի արդիւնքների մասին: Մեր այսօրուայ խորհրդակցութեանը, միւս խորհրդակցութիւնների նման, մասնակցում է նաեւ պետական եկամուտների կոմիտէի նախագահը: Կարծում եմ, որ պարոն Խաչատրեանն իր ելոյթի ընթացքում կ'անդրադառնայ նաեւ այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացւում են համակարգում եւ այն խնդիրներին, որ կան կոնկրէտ ոլորտում, որի ներկայացուցիչներն էք դուք: Ինչպէս նշեցի, այդ փոփոխութիւնները միտուած են կանոնակարգելու դաշտը, միտուած են նրան, որպէսզի աւելորդ քաշքշուկներից ձեզ ձերբազատենք, որպէսզի աւելի քիչ ժամանակ ծախսէք պետեկամուտների հետ յարաբերութիւնների կարգաւորման վրայ եւ ձեր թանկագին ժամանակն ուղղէք աւելի շատ արտադրանք թողարկելու վրայ»,- ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերութիւնների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Ս.Սարգսեանը: Այնուհետեւ հանդիպման մասնակիցները Երկրի ղեկավարի հետ քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, նաեւ` դրանց լուծմանն ուղղուած առաջարկները: Մինչ խորհրդակցութիւնը Ս.Սերժ Սարգսեանը ,երեւան գարեջուրէ Փբը-ում ծանօթացել է ընկերութեան գործունէութեան արդիւնքներին ու զարգացման ծրագրերին, շրջել` պտուղբանջարեղէնի մթերման, վերամշակման եւ հիւթերի արտադրամասերում:
  -   Տնտեսութիւն