Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկոյին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկոյին

  • 02-05-2015 13:37:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկոյի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամօ Արէյեանի եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Իւան Վոլինկինի:  
Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին, ուրախութիւն յայտնեց հայ ժողովրդի համար նուիրական այս օրերին, երբ ոգեկոչւում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալելու հայ ժողովրդի եւ Հայ Եկեղեցու ազնիւ բարեկամին: 
Նորին Սրբութիւնն իր խօսքում անդրադարձաւ երկու բարեկամ ժողովուրդների դարաւոր սերտ ու եղբայրական յարաբերութիւններին` դրանց լաւագոյն դրսեւորում համարելով Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցութեամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելութիւնը Հայաստան: 
Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնն արտայայտեց նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ քաղաքամայր Երեւանի միջեւ ձեւաւորուած կապերի առիթով` բարի արդիւնաւորում մաղթելով նորահաստատ համագործակցութեանը: 
Զրոյցի ընթացքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ջերմ ընդունելութեան համար շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իր խօսքում կարեւորելով նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը համայն հայութեան եւ ողջ քրիստոնեայ աշխարհի կեանքում: 
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Գէորգի Պոլտաւչենկոյին մաղթեց, որ նրա բոլոր նուիրական իղձերն ու փափագներն իրականութիւն դառնան` յանուն Ռուսաստանի Դաշնութեան եւ նրա բարեպաշտ ժողովրդի պայծառութեան եւ բարօրութեան:
Հանդիպմանը ներկայ էին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցու հոգեւոր տեսուչ, ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն