Ս. Շողակաթի վանք տարուեց Ս. Յովհաննէս Կարապետի մասունքը


Ս. Շողակաթի վանք տարուեց Ս. Յովհաննէս Կարապետի մասունքը

  • 04-06-2015 19:17:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 4-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնեց Ս. Յովհաննէս Կարապետի, Ս. Աթանագինէ եպիսկոպոսի տօնը, որը համընկնում է նաեւ Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրուայ հետ: 
Առաւօտեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսաւոր թափօրով եւ ուխտաւորների ուղեկցութեամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Յովհաննէս Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը: 
Ս. Շողակաթ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին բազում ուխտաւորներ` գլխաւորութեամբ Մայր Աթոռի վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի:  
Տօնի կապակցութեամբ վանքում մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասեանը:
Հայր Իգնատիոսն իր քարոզում մասնաւորապէս անդրադարձաւ տօնի խորհրդին եւ Ս. Մարիանէի նահատակութեան վայրում կառուցուած Ս. Շողակաթ եկեղեցու պատմութեանը: «Մեր դարաշրջանում չի պահանջւում նահատակութիւն, պարզապէս պէտք է ընդունել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին մեր սրտերից ու հոգիներից ներս, ապրել Իր իսկ պատգամներին եւ ունեցած կեանքին համարժէք», - պատգամեց պատարագիչ Հայր Սուրբը:  
Ս. Պատարագի աւարտին կատարուեց նաեւ Ս. Յովհաննէս Մկրտչի մասունքակիր խաչով հաւատացեալների օրհնութիւն:
Տօնի առիթով տեղի ունեցաւ նաեւ Ս. Շողակաթ վանքին յարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի աւագանու որոշմամբ օրեր առաջ փողոցը վերանուանուել էր Ս. Մարիանէի անունով: Բացման արարողութեանը իր սրտի խօսքն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարէն Գրիգորեանը: Շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ նաեւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրէն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղայ Կարապետեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն