Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի<br />


Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի

  • 13-12-2010 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը դեկտեմբերի 12-ի առաւօտեան այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը մատուցեց Ս. Պատարագ: Արարողութեան աւարտին Իլարիոն միտրոպոլիտն օրհնութեան իր խօսքն ուղղեց ռուս համայնքի ներկայացուցիչներին: Ներկաներին ողջունեց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը: Այնուհետեւ պատուիրակները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկուայի Պատրիարքարանի Արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնի առանձնազրոյցը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպումից յետոյ պատուիրակութիւնը ներկայ գտնուեց Սուրբ Պատարագին, որի ընթացքում պատարագիչ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայեանը յանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան ողջունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներին` շեշտելով եղբայրական փոխայցելությունների կարեւորութիւնը: Ս. Պատարագի երգեցողությանը մասնակցում էր նաեւ իտալահայ հանրայայտ մեներգչուհի Ռոզի Սվազլյանը: Օրուայ երկրորդ կէսին պատուիրակութիւնը մեկնեց Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոց, ուր Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներին ընդունեց դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղայ Սարգսեանը: Հիւրերը հանդիպում ունեցան ճեմարանականների հետ` ունկնդրելով նրանց ներկայացրած գեղարուեստական յայտագիրը: Վերջում Իլարիոն միտրոպոլիտն իր պատգամը բերեց ուսանողներին, հանգամանօրէն պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
  -   Հասարակութիւն