Գեւորգեան հոգեւոր ճեմարանում կայացաւ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժեշտի ցերեկույթը<br />


Գեւորգեան հոգեւոր ճեմարանում կայացաւ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժեշտի ցերեկույթը

  • 10-12-2010 18:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Գեւորգեան հոգեւոր ճեմարանում հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցաւ ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժեշտի ցերեկույթը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Սրբազանը վերադառնում է Կոստանդնուպոլիս` իր հոգեւոր ծառայութիւնը շարունակելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնում: Ներկաներին ուղղուած խօսքում ճեմարանում պաշտոնավարելու տարիները Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը համարեց իր կեանքի ամենաարդիւնաւէտ ժամանակաշրջանը: «Հինգ տարի առաջ ինձ համար հայրենիքը, Էջմիածինը մեծ գաղափարներ էին լոկ, այժմ միս եւ ոսկոր առան իմ էութեան մէջ: ...Պոլիս վերադառնում եմ իմ բոլոր բջիջները հայացած, էջմիածնացած: Շատ բաներ փոխեցին այս տարիներն իմ մէջ. կայունացա, հաստատվեցի եւ հասունացա»,- նշեց Սրբազանն իր խօսքում: Ապա նա շնորհակալութիւն յայտնեց ճեմարանի պաշտոնեությանն ու դասախօսական կազմին ըստ ամենայնի աջակցութեան եւ համագործակցութեան համար: Խօսքն ուղղելով ճեմարանականներին` Սրբազանն ասաց. «Այս ճեմարանի ամենակարեւոր տարրը տեսուչը չէ, այլ դուք եք: Մենք բոլորս ձեր ծառաներն ենք, ամբողջ Մայր Աթոռը, իր բոլոր կառույցներով միասին: Ծառայում ենք սիրով, ինչպէս ծնողները ծառայում են իրենց երեխաներին: Ձեզ ծառայելը մեծ յաճոյք եւ պատիւ էր ինձ համար: Շատ բան սովորեցի ձեզանից, մեծապէս տպավորվեցի: Դուք մխիթարեցիք սփիւռքահայ եկեղեցականիս... Ձեզանով հոգիս լցուեց նոր յոյսով հայութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ»: Սահակ Սրբազանը ողջունեց նաեւ նորանշանակ տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանին` մաղթելով շարունակել ճեմարանի աւանդոյթները եւ հաջողութեամբ նոր հանգրվանների հասցնել կրթական ասպարէզում Ամենայն Հայոց Հայրապետի տեսիլքը: Սրբազանն իր երախտագիտությունը յայտնեց Նորին Սրբութեանը հայրական վերաբերմունքի եւ գուրգուրանքի համար` հայցելով Հայրապետի օրհնութիւնը յետագայ ծառայութեան համար: Իր հերթին Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի նորանշանակ տեսուչ Հայր Գեւորգն անդրադարձաւ Սահակ Սրբազանի` անցնող հինգ տարիների ծառայութեանը` վստահեցնելով, որ պիտի շարունակի ճեմարանական բոլոր բարի աւանդոյթները: Հայր Սուրբը նաեւ երախտագիտութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին տեսչի պատասխանատու պաշտօնն իրեն վստահելու համար: Սահակ սրբազանին իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` իբրեւ բնաբան ընտրելով հայրերի խօսքը, թէ` «Երանի այն մարդուն, որ յիշատակ ունի Սուրբ Էջմիածնում»: Անդրադառնալով Սահակ Սրբազանի Մայր Աթոռում անցկացրած տարիներին, նրա կրթական, դաստիարակչական, ինչպէս նաեւ քարօզչական գործունէութեանը` Նորին Սրբութիւնը մասնաւորաբար նշեց. «Արդիւնաւոր էր իր գործունէութիւնը Մայր Աթոռում: Այն աշխատանքը, արդիւնքները, որ արձանագրեց Սրբազանը իր օրինակելի նկարագրով, վարքովղ Իր հաւատքի խորը ապրումը, հավատավոր անձի կերպարը կարող եք վկայել բոլորդ: ... Հոգեւոր ճեմարանում Հայր Սահակին պաշտօնի կոչելով` մենք ցանկացանք, որ Հայր Սուրբը իր խօսքով, կեանքով, իր հաւատքի ապրումով շաղախի մեր ճեմարանականների հոգիները, որպէսզի այս երիտասարդները, որ գալիս են աշխարհից, ունենան հաւատքի նոյն խորն ապրումը, որով հատկանշված էր Սահակ աբեղան: ... Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս Սրբազանին` բարի երթ ասելով եւ մաղթելով, որ արդիւնաւոր լինի իր յետագայ գործունէութիւնը այնպէս, ինչպէս եղավ Մայր Աթոռում»: Վեհափառ Հայրապետը մաղթեց Սրբազանին Սուրբ Հոգու առաջնորդութեամբ շարունակել խօսքն ու գրիչը ծառայեցնել մեր ժողովրդին եւ Սուրբ Եկեղեցուն: Նորին Սրբութիւնը նաեւ շնորհաւորեց նոր տեսչին` վստահութիւն յայտնելով, որ Հայր Գեւորգը նուիրումով ու բարձր պատասխանատւութեամբ կշարունակի ծառայութիւնը նոր պաշտօնում` եկեղեցականների արժանավոր սերունդ հասցնելով մեր Եկեղեցուն:
  -   Հասարակութիւն