Ինտերնետից օգտուողների թուին զուգահեռ մեծանում է նաեւ սոցիալական ցանցերի ազդեցութիւնը


Ինտերնետից օգտուողների թուին զուգահեռ մեծանում է նաեւ սոցիալական ցանցերի ազդեցութիւնը

  • 05-05-2011 13:43:24   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայաստանում սոցիալական ցանցերն աստիճանաբար աւելի մեծ ազդեցութիւն են ձեռք բերում ինտերնետում եւ դրանից դուրս տեղեկատուական դաշտի ձեւաւորման վրայ: Ինտերնետից օգտուողների թուի աճին զուգահեռ հանրապետութիւնում մեծանում է նաեւ սոցիալական ցանցերի ազդեցութիւնը: Հայաստանում գերակշիռ ազդեցութիւն ունեն ոչ հայկական Odnoklassniki.ru, Facebook.com սոցիալական ցանցերը: Միեւնոյն ժամանակ, գոյութիւն ունեն զուտ հայկական մի շարք ցանցեր, որոնք թէեւ փոքր, բայցեւ որոշակի դեր ունեն ցանցի հայկական հատուածում: Խոշոր սոցիալական ցանցեր այցելութիւնների յաճախակիութիւնը Հայաստանում սոցիալական ցանցեր այցելութիւնների թուաքանակի ճշգրիտ գնահատական չկայ, քանի որ չկայ միասնական համարժէք, հրապարակային հասանելի վիճակագրական համակարգ, որը հաշուի կ'առնէր այցելութիւնների թիւը հիմնական հարթակներ: Այս կապակցութեամբ յարկ է լինում կատարել տուեալների համեմատական վերլուծութիւն, որոնք միմեանցից տարբերւում են հաշուարկման մեթոդիկայով: Համաձայն Alexa.com կայքի վիճակագրութեան, որն անցկացնում է կայքեր այցելութիւնների գլոբալ մոնիթորինգ, Հայաստանում սոցիալական ցանցերից առաջին տեղում է Facebook.com1 պորտալը: Երկրորդ տեղում է Youtube տեսասէրուիսը, որը նոյնպէս սոցիալական ցանցի տարրեր ունի: Այնուհետեւ Odnoklassniki.ru կայքն է: Միեւնոյն ժամանակ, թրաֆիկի հաշուառման Alexa.com-ի առանձնայատկութիւնը, այն, որ օգտուողները յատուկ ծրագիր են տեղադրում, որը հաշւում է նրանց այցելութիւնները, յանգեցնում է նրան, որ աւելի շուտ հաշուառւում է օգտուողների այն մասի վիճակագրութիւնը, որը տիրապետում է համակարգչային որոշակի գրագիտութեան: Միեւնոյն ժամանակ, շատ օգտուողներ այցելում են աննշան թուով կայքեր, սոցիալական ցանցերի ակտիւ մասնակիցնէր են` գրեթէ չտիրապետելով համակարգչից օգտուելու իմացութեանը (ինչի հետ կապուած` Alexa.com-ի ցուցանիշը համակարգչից օգտուելու թոյլ մակարդակ ունեցողների համար կոռեկտ չէ): Բացի այդ, Հայաստանում օգտուողների ընդհանուր թուի աճն ուղեկցւում է մոբիլ օպերատորների ակտիւ ծաւալմամբ, որոնք էժան անլար ինտերնետ են տրամադրում: Արդիւնքում` աւելանում է օգտուողների թիւը Հայաստանի շրջաններում: Ընդ որում` օգտուողների այդ նոր հատուածի համար հիմնական հարթակներն են սոցիալական ցանցերը եւ VoIP ձայնային կապի յաճախորդները. առաւել տարածուածն է Skype-ը : Միեւնոյն ժամանակ, եթէ դատելու լինենք Liveinternet.ru վիճակագրական համակարգի տուեալներով, Հայաստանում առաւել տարածուած սոցիալական ցանցը շարունակում է մնալ ռուսական Odnoklassniki.ru2 նախագիծը: Ամէն օր Հայաստանից այստեղ աւելի քան 500 հազար այցելութիւն է լինում : Ամսական կտրուածքով եւս այցելուների թիւը գերազանցում է կէս միլիոնը: Բացի այդ, դիտւում է այցելութիւնների կտրուկ աճ վերջին վեց ամսուայ ընթացքում` մօտ 40%-ի կարգի: Ընդ որում` նման աճ նկատւում է նաեւ հետխորհրդային այլ երկրներում, օրինակ` Վրաստանում եւ Մոլդովայում։ Դինամիկ կերպով աճում է նաեւ Facebook ցանցից օգտուողների թիւը: Վերջին 6 ամիսների ընթացքում աճը կազմել է 87%: Սակայն, պաշտօնական վիճակագրութիւնից ելնելով, գրանցուած օգտուողների բացարձակ թիւը, այնուամենայնիւ, լրջօրէն զիջում է Odnoklassniki.ru-ի լսարանին. ապրիլի սկզբի տուեալներով` Facebook ցանցում գրանցուած է 150 հազ. օգտուող: Նշենք նաեւ ռուսական ամենախոշոր սոցիալական ցանցի` Vkontakte.ru-ի մասին: Հայաստանում այն այնքան էլ տարածուած չէ, սակայն ցանցի պաշտօնական վիճակագրութեամբ 2011թ. ապրիլի սկզբի դրութեամբ այստեղ գրանցուած է 235 հազ. այցելու Հայաստանից (ինչը չի նշանակում, թէ նրանք բոլորն ակտիւ այցելուներ են): Լոկալ սոցիալական ցանցերը Հայկական ինտերնետի առանձնայատկութիւններից է նաեւ բաւականաչափ թուով միջին եւ մանր սոցիալական ցանցերի առկայութիւնը, որոնց լսարանը կազմում են հայաստանցիները եւ սփիւռքահայերը: Այդ ցանցերը հէնց զուտ հայկական են: Ամէնից շատ այցելուող զուտ հայկական սոցիալական ցանցը Hayland.am–ն է: Պորտալի պաշտօնական տուեալների համաձայն` այստեղ գրանցուած է աւելի քան 120 հազ. այցելու: Circle.am համակարգի վիճակագրութեան համաձայն` 2011թ. մարտին պորտալն ամէն օր կայուն կերպով մօտ 11 հազ. այցելութիւն է ունեցել, որոնց 46%-ը կազմում են այցելութիւնները Հայաստանի տարածքից: Մէկ այլ սոցիալական ցանցի` Druzja.am-ի օրական այցելութիւնները, ըստ Circle.am-ի վիճակագրութեան, 5 հազարի կարգի են, որոնց 82%-ը այցելութիւններն են Հայաստանի տարածքից: Hayutyun.am, Aelxa.com–ի տուեալներով, օրական այցելում է մօտ հազար օգտուող: Բացի այդ, մի շարք հարթակներ, որոնք համատեղում են ֆորումի եւ կայքի գործառոյթները, ներկայանում են որպէս սոցիալական ցանցեր: Նման հարթակների թւում նշենք Armenia-Online.Ru–ն (օրական մօտ 10 հազ. այցելու, ըստ Circle.am–ի վիճակագրութեան, որոնց 20%-ը կազմում են այցելութիւնները Հայաստանի տարածքից): Viparmenia.com ֆորումն է սկսել ներկայանալ որպէս սոցիալական ցանց (օրական մօտ 3 հազ. այցելութիւն, ըստ Circle.am–ի վիճակագրութեան, որոնց 16%-ը այցելութիւններն են Հայաստանի տարածքից): Ընդհանուր առմամբ, նկատւում է զուտ հայկական սոցիալական ցանցերի ստեղծման միտումներ, ինչպէս նաեւ ֆորում-հարթակների տեղափոխում աւելի առաջաւոր պլատֆորմներ` օգտուողների առկայ բազան սոցիալացնելու նպատակով: Արժէ նշել, որ մրցակցութիւնը համաշխարհային հսկաների հետ էապէս նուազեցնում է լոկալ սոցիալական հարթակների հնարաւորութիւնները: Այսօրուայ դրութեամբ կարելի է քիչ թէ շատ յաջող նախագիծ համարել Hayland.am–ը: Մնացած հարթակները չափազանց փոքր կշիռ ունեն ինտերնետի հայկական հատուածում, դրանց մեծամասնութիւնը շարունակում է գործել ի հաշիւ ծանօթութիւնների ծառայութեան մատուցման կամ եղած օգտուողների թիւը պահպանելով: «Գլոբուս Ազգային անվտանգութիւն», թիւ 3, 2011 Սամուէլ Մարտիրոսեան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատուական հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտ «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ