Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան շէնքը «նաֆ-նաֆի» տնակն է յիշեցնում<br />


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան շէնքը «նաֆ-նաֆի» տնակն է յիշեցնում

  • 07-12-2010 16:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ըստ մասնագէտների, Հայաստանում սեյսմակայուն շէնքերի կառուցման եւ հների ամրացման աշխատանքները բաւարար չեն ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եթէ Երեւանում 1988թ. Սպիտակի երկրաշարժին համարժէք հզորութեամբ երկրաշարժ լինի, ապա շէնք-շինութիւնների 80 տոկոսը կփլուզվի կամ լրջօրէն կվնասվի, կլինեն 300 հազար զոհեր, անթիւ-անհամար վիրաւորներ եւ անտուն մարդիկ: Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի օրը` դեկտեմբերի 7-ին, «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրաւիրուած ասուլիսում այս մասին յայտարարեց Սեյսմակայուն շինարարութեան հայկական ասոցիացիայի նախագահ Միքայէլ Մելքումեանը: Նա իր այս մտահոգութիւնը բացատրեց Երեւանի, յատկապէս մայրաքաղաքի կենտրոնի խիտ բնակեցուած եւ կառուցապատված լինելու հանգամանքով: Ըստ նրա, եթէ խորհրդային տարիներին իշխանութիւնները հետաքրքրուած չէին Հայաստանում սեյսմակայուն շէնքեր կառուցել, ապա անկախութեան տարիներին էլ իշխանութիւնների կողմից այս ուղղութեամբ կատարւող աշխատանքները բաւարար չեն: Մ.Մելքումեանը կարեւորեց դպրոցների, հիւանդանոցների, կառավարական շէնքերի ամրացումը: Սակայն, նրա խօսքերով, չնչին քանակությամբ դպրոցների շէնքեր են ամրացուել, իսկ արտակարգ իրավիճակների նախարարութեան շէնքը «նաֆ-նաֆի» տնակն է յիշեցնում: «Եթէ արտակարգ իրավիճակների նախարարութեան շէնքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղէտի դէպքում կազմակերպական աշխատանքները»,- հարց է տալիս նա: Մ.Մելքումեանը նշեց, որ Երեւանում 41 հազար շէնք-շինություններից 30-32 հազարը սեփական բնակելի տներ են, որոնք կառուցուել են առանց հաշուի առնելու սեյսմակայունութեան նորմերը, եւ 7000-ը` խորհրդային տարիների կապիտալ եւ երկաթբետոնե շէնքեր են: «Դրանք ֆիզիկապէս մաշուած են»,- ասաց նա, յաւելելով, որ միայն 36 նոր շէնքեր են կառուցուել կամ կառուցւում են սեյսմամեկուսացման համակարգի ներդրմամբ: Մինչդեռ բոլոր շէնքերի կառուցման դէպքում այն պարտադիր պէտք է ներդրվի, հաշուի առնելով, որ Հայաստանը գտնւում է չափազանց սեյսմավտանգավոր գօտում:
  -   Տնտեսութիւն