Գերմանիայի վերամիաւորման որոշ սկզբունքներ կարող էն կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դէպքում


Գերմանիայի վերամիաւորման որոշ սկզբունքներ կարող էն կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դէպքում

  • 07-12-2010 15:24:50   |   |  Մամլո հաղորդագրություն
«Եւրոպան ռիսկի է դիմում սխալ հասկացուած լինել Արցախում` չհաստատելով ուղիղ կապեր եւ չօժանդակելով նրա ժողովրդավարական զարգացմանը»,- նշել է քաղաքագէտ Վահրամ Սողոմոնեանը դեկտեմբերի 1-ին Բեռլինում տեղի ունեցած «Լուծումներ Արցախի համար. ինքնորոշում եւ ճանաչում» գրքի շուրջ քննարկման ժամանակ: Գրքի համահեղինակներից մէկի` Բեռլինի Եւրոպական ակադեմիայի ղեկավար պրոֆէսոր Էքարտ Շտրատենշուլտէի եւ գերմանացի քաղաքագէտների մասնակցութեամբ բանավէճ է ծաւալուել մասնաւորապէս Արցախեան կարգաւորման գործում Եւրոմիութեան դերի մասին: Է.Շտրատենշուլտէն ողջունել է 10 գիտնականների համատեղ աշխատանքը` ասելով, որ այն կարող է հիմք ծառայել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առարկայական դիսկուրս սկսելու համար: Գրքում տարբեր տեսանկիւններից ուսումնասիրուած Արցախի ինքնորոշման իրաւունքը պատմականօրէն մեծ դեր է խաղացել նաեւ Գերմանիայի համար: Բացի այդ, Գերմանիայի վերամիաւորման որոշ սկզբունքներ կարող էն կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դէպքում: Գերմանիայի Արեւելքի ինստիտուտի նախկին տնօրէն պրոֆէսոր Ուդոյ Շտայնբախն արձանագրել է, որ մինչ օրս կարգաւորման բոլոր առաջարկներն անյաջողութեան էն մատնուել` հարցականի տակ դնելով ընտրուած սկզբունքների եւ ձեւաչափերի արդիւնաւէտութիւնը: Ըստ Վահրամ Սողոմոնեանի, Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նմանատիպ եւս մէկ փաստաթուղթ է ընդունուել եւ դրա պատճառներից մէկն այն է, որ որեւէ ֆորմալ փաստաթուղթ կամ ստորագրութիւն չի կարող մէկ ակնթարթում վերացնել այն անվստահութիւնը, որն առկայ է Արցախի եւ Ադրբեջանի հասարակութիւնների միջեւ: Նա հանդէս է եկել այդ երկու երկրների քաղաքացիական ուժերի միջեւ երկխօսութիւն հաստատելու եւ տնտեսական համագործակցութիւն սկսելու օգտին: Շեշտուել է Եւրոմիութեան կողմից նման համագործակցութիւնը ակտիւօրէն խթանելու եւ պատերազմական հռետորութեանը յստակ բացասական ազդանշաններ ուղարկելու կարեւորութիւնը: Ու.Շտայնբախի այն հարցին, թէ Ադրբեջանն ահռելի ռեսուրսներ ունի եւ դրանք կարող էն բաժանուել տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ, Վ.Սողոմոնեանն ասել է, որ այդ ռեսուրսներից առայժմ ցաւօք օգտւում է միայն շատ նեղ շրջանակ եւ իսկապէս դրանք կարող էին նախեւառաջ արդարացի բաժանուել հէնց Ադրբեջանի ներսում: Այդ առումով, Ադրբեջանում քաղաքական այլակարծութեան համար պայմանները յատկապէս վերջին ընտրութիւններից յետոյ էլ աւելի էն վատացել: Քննարկմանը մասնակցել էն նաեւ ադրբեջանցի քաղաքագէտներ, որոնք յոյս յայտնեցին, որ մօտ ապագայում հնարաւոր կը լինի նաեւ համատեղ նման նախագիծ իրականացնել լուծման հնարաւորութիւնների շուրջ: Նշելով, որ գիրքը մեծ արձագանք է գտել Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի ցուցահանդէսում, Է.Շտրատենշուլտէն պարզաբանել է Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան ներուժը Լեռնային Ղարաբաղում կարեւոր դերակատար դառնալու համար: «Եւրոպան չի կարող որեւէ լուծում պարտադրել կողմերին, սակայն Լեռնային Ղարաբաղում նոյնպէս մարդիկ էն ապրում եւ չի կարելի թոյլ տալ, որ ամբողջ զարգացումը եւ ծրագրերը շրջանցեն նրանց», ասել է նա: Զուգահեռներ անցկացնելով, նա բերել է Թայուանի օրինակը, որտեղ ինքնորոշման համար գրեթէ ամէն ինչ շատ ճիշտ է արուել (տնտեսական զարգացում, կայուն կառավարման համակարգ, ժողովրդավարութիւն եւ այլն): Այնտեղ նոյնիսկ գործում էն օտարերկրեայ պետութիւնների դիւանագիտական ներկայացուցչութիւններ (ոչ դեսպանութիւններ), որոնք մուտքի արտօնագրեր էն տրամադրում: Եւ սակայն նոյնիսկ այս դէպքում թայուանցիներին հակադրւում է մայրցամաքում ապրող մէկ միլիարդ չինացիների կամքը, ինչը խոչընդոտում է Թայուանի ճանաչմանը որպէս անկախ պետութիւն: Վ.Սողոմոնեանն ասել է, որ Արցախում դեմոկրատական ուժերը կարող էն ճգնաժամ ապրել, եթէ Եւրոպան մասնակցութիւն չունենայ երկրի ժողովրդավարացման գործընթացին: Եւրոմիութեան բազմաթիւ պաշտօնական փաստաթղթերում ամրագրուած էն Արցախի, Հարաւային Օսէթիայի եւ Աբխազիայի հետ ուղղակի կապերի հաստատման դրոյթները: Եթէ քաղաքական եւ դիւանագիտական բնագաւառում որոշակի խնդիրներ էն առաջանում, ապա Եւրոմիութեան կողմից Արցախում հումանիտար եւ մշակութային ծրագրերի իրականացմանը ոչինչ չի խանգարում: Վերջում Է.Շտրատենշուլտէն շնորհակալութիւն է յայտնել Վահրամ Սողոմոնեանին գրքի հրատարակումը նախաձեռնելու համար եւ պատրաստակամութիւն յայտնել այսուհետ եւս Եւրոպական ակադեմիան օգտագործել որպէս երկխօսութեան վայր Արցախեան խնդրի կարգաւորման համար:
  -   Մամլո հաղորդագրություն