Լեւոն Տեր-Պետրոսեանը նամակ է յղել Եւրոմիութեան նախագահին<br />


Լեւոն Տեր-Պետրոսեանը նամակ է յղել Եւրոմիութեան նախագահին

  • 07-12-2010 14:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը դեկտեմբերի 3-ին նամակներ է յղել Եւրոմիութեան նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրաւունքների Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը կարեւորում է դեկտեմբերի 7-ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրաւունքների երկխօսութեան ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտութիւնը: Ըստ ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենեակի մամլոյ հաղորդագրութեան, նամակներում, մասնաւորապէս, նշւում է, որ հեղինակաւոր Եւրոպական կազմակերպութիւնները պէտք է լուրջ ջանքեր գործադրեն, որպէսզի ՀՀ իշխանութիւնները վերջապէս կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահութեան 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկայ պահանջները: Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայութիւնը, Մարտի 1-ի սպանութիւնների անկողմնակալ եւ վստահելի քննութիւնը, «Ա1+» հեռուստաընկերութեան եթերազրկումը եւ ազատ հաւաքներ անցկացնելու քաղաքացիների իրաւունքի ոտնահարումը: Ներկայացնելով նշուած խնդիրների վերաբերեալ մանրամասն տեղեկութիւններ, Լ.Տեր-Պետրոսեանը վստահութիւն է յայտնել, որ ԵՄ-Հայաստան Մարդու իրաւունքների երկխօսութիւնը կարող է կարեւոր եւ արդիւնաւէտ գործիք հանդիսանալ այս հարցերում Հայաստանի իշխանութիւնների որդեգրած վարքագիծը փոխելու համար: «Անհրաժեշտ են վճռական եւ շարունակական ջանքեր, յատկապէս քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցոյց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդիւնք: Դրանք կարող են նաեւ ցրել հայկական հասարակութեան այնպիսի վնասակար ընկալումները, թէ Եւրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժէքները` ԼՂ բանակցութիւններում եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցերում Հայաստանի իշխանութիւններից զիջումներ ստանալու փոխարէն»,- նշել է ՀՀ առաջին նախագահը:
  -   Քաղաքական