Յովհաննէս Չեքիջեանը պարգեւատրուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով<br />


Յովհաննէս Չեքիջեանը պարգեւատրուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով

  • 06-12-2010 20:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարարին կից ատեանի դեկտեմբերի 6-ի նիստի սկզբում նախարար Հրանուշ Յակոբեանը «Ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետութեան, հայ երգարվեստի եւ երաժշտութեան մէջ նշանակալի ծառայութիւններ մատուցելու, ինչպէս նաեւ մաեստրոյի 80-ամեակի կապակցութեամբ» ատեանի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանին պարգեւատրեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով: Այնուհետեւ «Նորավանք» ԳԿ հիմնադրամի գործադիր տնօրէն Գ.Յարութիւնեյանը ներկայացրեց 2010թ.-ին նախարարութեան պատուէրով հիմնադրամի կողմից հրատարակուած գրքերը: ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ամէն տարի Սփիւռքի թեմաներով գիտական պատուերներ է տալիս Հայաստանի գիտական-վերլուծական հաստատութիւններին: Այդ պատուէրների շրջանակներում 2010թ.-ին հիմնադրամի մասնագէտների կողմից տպագրուել են «Հայ համայնքն ԱՄՆ-ում», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրներն Հարաւային Ռուսաստանում» եւ «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնութեան խնդիրները եւ տեղեկատուական ռեսուրսները» հետազօտութիւնները: Նախարարը կարեւորեց ԵՊՀ-ի Սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների մասնակցութիւնը հետազոտական աշխատանքներին: Այնուհետեւ նկարչուհի Արեւիկ Պետրոսեանը ներկայացրեց «Նշխարք Հայաստանից» պայմանական խորագրով ծրագրի նախագիծը, որի իրականացմամբ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ինքը ցանկանում է բարձրաձայնել Հայրենիքի շուրջ համայն հայութեան միասնականութեան եւ համախմբման գաղափարը` յանուն Հայոց մեծ ու լուսաւոր ապագայի: Յատուկ այս ակցիայի համար ծրագրի հեղինակը նախատեսում է ստեղծել 12 մեծածաւալ հեղինակային աշխատանք աստուածաշնչեան թեմաներով. իւրաքանչիւր ստեղծագործութիւն իր պատկերի ու գաղափարի մէջ կրելու է Տերունական աղօթքի մի մասնիկ: Այս ստեղծագործությունների հաւաքածուն իր ամբողջական գաղափարով կներկայացուի սկզբում Երեւանում, այնուհետեւ կբաժանուի Սփիւռքի 11 համայնքներին` որպէս ընծա: Ատեանի անդամները հաւանութիւն տվեցին ծրագրի նախագծին: Օրակարգի յաջորդ հարցը ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչութեան 2010թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր, որը ներկայացրեց վարչութեան պետ Ա.Արշակեանը: Նա մասնաւորապէս անդրադարձաւ նախարարութեան կազմակերպած համահայկական համաժողովներին եւ ծրագրերին վարչութեան մասնակցութեանը, ներկայացրեց ամփոփ տեղեկանք ԱՊՀ հայ համայնքների վերաբերեալ: Հ.Յակոբեանը նշեց, որ ԱՊՀ հայ համայնքներում ամենամեծ մարտահրավերը լեզուի կորուստն է, որին դիմակայելու ուղղութեամբ նախարարութիւնն ակտիւ աշխատանքներ է իրականացնում: Մասնաւորապէս, 2010թ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Ռուսաստանի հայերի միութեան օժանդակությամբ ԱՊՀ տարածքում 20-ից աւելի հայկական մէկօրեայ դպրոց է բացուել: Այնուհետեւ նախարարի խորհրդական Արտակ Մովսիսեանը ներկայացրեց 2011թ.-ին Անիի 1050-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումների նախնական ծրագիրը: ՀՀ Սփիւռքի նախարարութեան 2011թ.-ի «Մեր մեծերը» ծրագրի վերաբերեալ զեկուցեց նախարարի տեղակալ Ս.Պետրոսեանը: Նախարարութեան կողմից 2010թ. հռչակուել էր «Մայրենի լեզուի տարի»: Իրականացուած միջոցառումների վերաբերեալ հաշվետվությամբ հանդէս եկաւ համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա.Մխիթարեանը:
  -   Հասարակութիւն