Մշակւում է Հայաստանի զբօսաշրջութեան հարաւային առանցքի զարգացման ծրագիր


Մշակւում է Հայաստանի զբօսաշրջութեան հարաւային առանցքի զարգացման ծրագիր

  • 01-12-2010 22:45:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅԵԱՆ Տապան։ Ազգային մրցունակութեան հիմնադրամի առաջնային գործունէութիւնն ուղղուած է Հայաստանի զբօսաշրջային առանցքների զարգացման ռազմավարութեան մշակմանը, մասնաւորապէս, սկսուել են հարաւային առանցքի զարգացման ռազմավարութեան մշակման աշխատանքները։ «Հայելի» ակումբում լրագրողների հետ դեկտեմբերի 1-ի հանդիպմանը Հայաստանի Ազգային մրցունակութեան հիմնադրամի Զբօսաշրջային ծրագրերի տնօրէն Սիւզաննայ Ազոյեանը յայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարւում բրիտանական «A.com» խորհրդատուական կազմակերպութեան հետ, որը ծրագիր է մշակում, թէ ինչպիսի զարգացում կարելի է ունենալ հարաւային առանցքում։ Ծրագիրը մեծամասամբ վերաբերելու է ենթակառուցուածքների զարգացմանը։ Ս.Ազոյեանը պարզաբանեց, որ հարաւային առանցքը սկսւում է Նորավանքից, շարունակւում քարանձաւներով, ներառում Ջերմուկը, Քարահունջն ու Տաթեւը։ Ս.Ազոյեանն ընդգծեց, որ հարաւային առանցքի հիմնաքարը Տաթեւի համալիրն է, որի վերանորոգման աշխատանքները սկսուելու են 2011թ. գարնանը։ Բացի այդ, զուգահեռաբար սկսուելու են իրականացուել զբօսաշրջութեանն առնչուող բոլոր ծրագրերը. «Պէտք է անել ամէն ինչ, որպէսզի զբօսաշրջիկը հարաւում մնա ոչ թէ մի քանի ժամ, այլ մի քանի օր»,- ասաց Ս.Ազոյանը։ «Տաթեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարեանն իր հերթին ընդգծեց, որ հարաւային առանցքում զբօսաշրջութեան զարգացման գործում իր առաքելութիւնն է իրականացնում հոկտեմբերի 23-ից շահագործման յանձնուած աշխարհի ամենաերկար Տաթեւ-հալիձոր յետադարձելի ճոպանուղին։ 40 օրուայ ընթացքում ճոպանուղին ունեցել է շուրջ 7000 ուղեւոր, որոնցից 1500-ը յարակից համայնքների բնակիչներ են, ուղեւորների մեծ մասը զբօսաշրջիկներ են Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից։։ Համեմատութեան համար նշուեց, որ 2009թ. ընթացքում Տաթեւ այցելել են 3000 զբօսաշրջիկներ։ Ճոպանուղու կառավարիչը միաժամանակ նշեց, որ Տաթեւում զբօսաշրջութեան զարգացումը, այդուհանդերձ, մեծապէս կախուած է Երեւան-գորիս աւտոմայրուղու վիճակից՝ եղանակային պայմանների պատճառով ձմռան որոշակի ժամանակահատուածում ճանապարհները փակ կամ դժուարանցանելի են լինում։ Տ.Ղազարեանը նշեց նաեւ, որ ճոպանուղին աշխատում է ամէն օր՝ առաւօտեան 9.30-18.30 կամ մինչեւ 19.00։ Նա պարզաբանեց, որ ճոպանուղու շահագործումը ինքնաթիռների ու ուղղաթիռների նման մեծապէս կախուած է եղանակային պայմաններից՝ տեսանելիութիւնից, քամու արագութիւնից։ Ճոպանուղում տեղակայուած զգայուն էլեկտրօնային սարքերի պատճառով եղանակային որոշակի պայմանների դէպքում տեղի են ունենում վթարային արգելակումներ, որի աւարտին համակարգը շարունակում է անվտանգ շահագործումը։ Տիգրան Ղազարեանը հաստատեց, որ եղել է դէպք, երբ ճոպանուղու վագոնը օդում է մնացել 40 րոպէ՝ ուղեւորափոխադրման անվտանգ զգայուն համակարգի առկայութեան պատճառով։ Ճոպանուղու կառավարիչը յայտնեց նաեւ, որ զգայուն ամառային ռեժիմի համակարգը փոխարինուել է նոյնքան զգայուն ձմեռային ռեժիմի համակարգով։
  -   Հասարակութիւն