Դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութիւնում գործում է նոր՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը


Դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութիւնում գործում է նոր՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը

  • 01-12-2010 17:55:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարուայ հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետութեան դատական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքի համաձայն, 2010 թուականի դեկտեմբերի մէկից Հայաստանի Հանրապետութիւնում գործում է նոր՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը: Դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատաւորի կազմով: Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացուած բողոքների հիման վրայ վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը՝ որոշումները եւ վճիռները: Վարչական դատարանի վճիռների դէմ ներկայացուած բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննուելու էն կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դէմ ներկայացուած բողոքները՝ միանձնեայ, գրաւոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրաւիրելու: Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դէմ բողոքները կարող էն ներկայացուել Հայաստանի Հանրապետութեան Վճռաբեկ դատարան: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյեանը, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի նսատավայրն է ք. Երեւան, Թբիլիսեան խճուղի 3/9 (Երեւանի լամպերի գործարանի հարեւանութեամբ):
  -   Հասարակութիւն