ԻՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՒԱՅ ԴԻՏԱՆԿԻՒՆ


ԻՐԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՒԱՅ ԴԻՏԱՆԿԻՒՆ

  • 24-11-2010 19:12:21   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» 24 նոյեմբերի 2010 թ. Անցնող շաբաթւայ ներքաղաքական խմորումների առանցքում էր կրկին խորհրդարանը, որտեղ մեծամասնութիւն կազմող արմատականները բազմաթիւ առիթներ ունեցան միմեանց միջեւ թեր ու դէմ կեցւածքներ ու դիրքորոշումներ որդեգրել: Այսպէս՝ ծայրայեղ ու չափաւոր արմատականների հակոտը-նեայ դիրքերն պայմանաւորւած են մէկ կողմից՝ նախագահ Ահմադինեժադի տնտեսա-քաղաքական ծրագրերի, իսկ միւս կողմից՝ որպէս մեծամասնութիւն՝ համերաշխութեան եզրեր գտնելու վերաբերեալ տարաձայնութիւններով: Ահաւասիկ, մի շարք ծայրայեղական ու չափաւոր արմատականների նախաձեռնութեամբ հէնց շաբաթասկզբում կայացաւ խորհրդակցութիւնների համատեղ նիստ՝ նախագահականում, իսկ, ըստ երեւոյթի, համերաշխութեան բերող նախադրեալների բացակայութեան պատճառով՝ փոխհամաձայնութիւն չի գոյացել: Եւ երեւի նոյն պատճառով էր, որ ծայրայեղականները գրեթէ ողջ շաբաթւայ ընթացքում խորհրդարանից ներս թէ դուրս շրջանառութեան մէջ դրեցին մի «նոր մարտավարութիւն», որով իբր ուրւագծում էին խորհրդարանական գալիք (2012 գարնան) ընտրութիւններում յաղթող արմատականների ձեւաչափերը... բնականաբար, այդ քայլը չափաւորականների կողմից բնութագրւեց նախ որպէս շուտիկութիւն եւ ապա՝ «առօրեայ հիմնահարցերը քողարկելու միտում...»: Ըստ չափաւորական արմատականների՝ ծայրայեղականները նման մարտավարութեամբ աւելիով են գերքաղաքականացնում հասարակական մթնոլորտը եւ այդպիսով վնասում ընտրական առողջ գործընթացների կայացմանը: Այս գծով խորհրդարանի չափաւոր պատգամաւոր եւ կառավարութեան ծրագրերին քննադատաբար վերաբերւող Ալի Մոթահարին նոր խնդիր առաջ քաշելով՝ արմատականների միջեւ համերաշխութեան ու միասնականութեան նոր մեխանիզմ առաջարկեց՝ ընդգծելով, որ «Բաւարար չէ միմիայն յայտարարութիւններով ու լոզունգներով ապացուցել սեփական արմատականութեան հանգամանքը, այլեւ անհրաժեշտ է ճշտորոշել արմատականութեան իրական շափանիշերը՝ հիմնաւոր ու մանրազնին դրոյթների յստակեցմամբ...»: Իսկ ինչ խօսք, սա վկայում է այն մասին, որ երկրում ընդհանրապէս քաղաքական մրցակցութեանց եւ մասնաւորապէս կուսակցական ինստիտուտների կայացածութիւնը ցայժմ հասունացած մակարդակներ չի նւաճել, որի արդիւնքում էլ՝ նոյն արմատական թեւի մէջ առաջանում են անխուսափելի կոտորակումներ, որոնց ի մի բերելը, գէթ ներքաղաքական ճակատում, դառնում է գրեթէ անկարելի: * * * Իրանի համար անցնող շաբաթը արտաքին քաղաքական ոլորտում բաւականին յագեցած իրադարձութիւններով նշանաւորւեց: Նախ, արդէն մի քանի տարիներ ի վեր քաղաքական ենթատեքստ ունեցող ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ անւանումը հերթական անգամ իր նենգափոխւած («Արաբական ծոց») ձեւով ի ցոյց դնելու ականատես եղաւ Իրանի մարզական պատւիրակութիւնը՝ Ասիական 16-րդ օլիմպիական խաղերի բացման արարողութեան պահին (Իրանի քարտէզի վրայ գրւած է եղել նենգափոխւած անունը), որին ինչպէս միշտ՝ պատշաճ են արձագանգել իրանական պատասխանատուները, որոնք խաղերի հիւրընկալ երկիր (Չինաստան, Գուանգժու) կազմակերպիչներին բողոքարկելով կատարւածի մասին, յայտարարել են, որ ամբողջութեամբ կը բոյկոտեն խաղերը, եթէ չսրբագրւի արտառոց սխալը: Չինացիները, բնականաբար, հապճեպ սրբագրել են «վրիպակը» եւ ներողութիւն հայցելով՝ վստահեցրել են, որ միտումնաւոր քայլի արդիւնք չէր դա եւ որ լոկ թիւրիմացութիւն է եղել... Յատկանշական իրադարձութիւնը, սակայն, Կասպիականի իրաւական կարգավիճակի 3-րդ գագաթաժողովն էր, որը կայացաւ Բաքւում, ուր յարմար առիթ հանդիսացաւ, որպէսզի տւեալ օրակարգից զատ՝ Իրանի նախագահ Ահմադինեժադը մինչ այդ հեռահար դժգոհանքները դէմ առ դէմ փոխանցի ռուս գործընկերոջը՝ թէ՛ Արեւմուտքի կողմից Իրանի տնտեսական պատժամիջոցներին տեղ-տեղ դրական արձագանգելու, եւ թէ՛ Ռուսաստանի կողմից միակողմանիօրէն S-300 հրթիռակայանների վաճառման պայմանագրի բեկանման առնչութեամբ: Մեդւեդեւի «Մենք յարգել ու կատարել ենք մեր բարիդրացիական պարտականութիւնները» խօսքին ի պատասխան՝ նախագահ Ահմադինեժադը հակադարձել է. «Բարիդրացիական պարտականութիւններից ելնելով է, որ պէտք է երկու երկրները միասնական ու փոխադարձ շահերի հիմամբ՝ միմեանց կողքին լինեն...» եւ աւելացրել. «Իրանը հեշտութեամբ կարող է իր կարիքները հոգալ»՝ պատգամելով ռուս գործընկերոջը, որ Իրանը ռուսական S-300 կայանքների կարիքը չունի: Մեդւեդեւն էլ իր հերթին ընդգծել է. «Պատժամիջոցների բանաձեւից յետոյ՝ ոմանք ուզում էին աւելիով խստացնել դրանք, բայց Ռուսաստանը խստիւ դէմ է գնացել դրան...», «Ռուսաստանը,- ամփոփել է Մեդւեդւը,- հետամուտ է զօրեղացնել փոխյարաբերութիւններն ու համադրութիւնները՝ Իրանի հետ, եւ երկու երկրները, ապագայի հաշւին, պէտք է քայլեր վերցնեն բարեկամական հիմքերի ամրապնդման համար»: Գալով Կասպիականի գագաթաժողովի առափնեայ հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան) շօշափած խնդիրներին՝ նախագահ Ահմադինեժադը յայտարարել է, որ դրա իրաւակարգային գործընթացը երկարատեւ է լինելու եւ մեծ համբերութիւն է հարկաւոր: Իրանի պետական դիրքորոշումը այս հարցում մշտապէս եղել է այն, որ իրաւակարգային պատկանելութիւնները պէտք է հաւասարապէս բաժանւեն հինգ երկրների միջեւ: Դ. Մ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը