Հայ-գերմանական «Էլբատ» ընկերութեան նորաբաց գործարանը տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց <br />


Հայ-գերմանական «Էլբատ» ընկերութեան նորաբաց գործարանը տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց

  • 23-11-2010 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ին Երեւանում հանդիսավորապես բացուեց նորագոյն սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» գործարանը, որն արտադրելու է կապարաթթուային կուտակչային մարտկոցներ: Ձեռնարկութեան բացմանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, փոխվարչապետ Արմէն Գեւորգեանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս Յոախիմ Շմիդտը, պաշտօնատար այլ անձինք: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց ձեռնարկութեան տնօրէնների խորհրդի նախագահ եւ բաժնետէր Սամուէլ Աբրահամեանը, բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետէրը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպութիւնն է, 49 տոկոսինը` հայկական կողմը: Ըստ հայ բաժնետիրոջ, 2008-2010թթ.-ի ընթացքում կատարուել է շուրջ 17,5 մլն եւրոյի ներդրում, որն աւելանալու է եւ հասնելու մինչեւ 20 մլն-ի: Ձեռնարկութիւնում աշխատում է 145 հոգի` 206 հազար դրամ միջին աշխատավարձով: Աշխատողների թիւը, ըստ նրա, առաջիկայում կհասնի 170-ի: Ս.Աբրահամեանը նշեց, որ ձեռնարկութեան արտադրած մարդատար եւ բեռնատար մեքենաների մարտկոցների իրացման հիմնական շուկան Հայաստանն է: Ըստ ձեռնարկութեան տեխնիկական տնօրէն Յակոբ Յակոբեանի, ձեռնարկութեան սարքաւորումները ձեռք են բերուել Իտալիայից, Աուստրիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: 17,5 մլն եւրօ կազմող ներդրումներից 16 մլն-ը սարքավորումների արժէքն է: Նշուեց, որ ձեռնարկութեան հզորությունները թոյլ են տալու արտադրել տարեկան 300 հազար մարտկոց: (Հայաստանի շուկայի պահանջարկը կազմում է շուրջ 150 հազար): Հ.Յակոբեանը հոյս յայտնեց, որ ձեռնարկութեան արտադրանքը յաջողութիւն կունենայ Վրաստանի, Ռուսաստանի շուկայում, ներկայումս աշխատանքներ են տարւում նաեւ եւրոպական շուկայ դուրս գալու ուղղութեամբ: Հանս Յոախիմ Շմիդտը կարեւորեց, որ գերմանական ներդրողը փորձում է ընդլայնել իր գործունէութիւնը Հայաստանում, ջանքեր է գործադրում նոր ներդրողների Հայաստան ներգրաւելու ուղղութեամբ: Ուստի, ըստ դեսպանի, շատ կարեւոր է արտասահմանեան կապիտալով ներդրողների համար բարելաւել գործարարութեան պայմանները Հայաստանում:
  -   Տնտեսութիւն