Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կայ


Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կայ

  • 04-05-2011 18:24:23   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը մայիսի 4-ին ընդունեց Հհ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Թենգիզ Շարմանաշուիլուն: Հանդիպմանը քննարկուեցին Հայաստան-վրաստան համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր: Ա.Գէորգեանը նշեց, որ երկու երկրները դեռեւս լիովին չեն օգտագործում փոխգործակցութեան առկայ ներուժը եւ ակնկալեց դեսպանի աջակցութիւնը` տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցութիւնն ակտիւացնելու ուղղութեամբ: Փոխվարչապետը յայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրուած է Վրաստանում տեղական եւ տարածքային կառավարման մակարդակում, ընտանեկան նպաստի համակարգում, քաղաքային տնտեսութեան, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման եւ փոխգործակցութեան հնարաւորութիւններով: Ա.Գէորգեանը նշեց, որ Հայաստանն ակտիւօրէն համագործակցում է Եւրոխորհրդի, Եւրոյանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների հետ, անցած տարի անդամակցել է նաեւ Եւրոպական ռեգիոնների ասամբլէային: Այդ կազամակերպութեան անդամ են Վրաստանի հետ սահմանակից Լոռու եւ Տաւուշի մարզերը, ակնկալւում է նաեւ Շիրակի մարզի անդամակցութիւնը: Փոխվարչապետը կարծիք յայտնեց, որ միջռեգիոնալ համագործակցութիւնն աւելի լայն հնարաւորութիւններ կը ստեղծի եւրոպական կառոյցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով: Նա տեղեկացրեց, որ մարզպետներին առաջարկուել է այցելութիւններ կազմակերպել Վրաստան եւ տեղում ծանօթանալ համագործակցութեան հնարաւորութիւններին: Վրաստանի դեսպանն իր հերթին պատրաստակամութիւն յայտնեց նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցութեան ակտիւացմանը: Նա համաձայնեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կայ` պատրաստակամութիւն յայտնելով աջակցել այդ ներուժի բացայայտմանը, ինչպէս նաեւ մարզպետների փոխայցելութիւնների կազմակերպմանը: Ա.Գէորգեանը նշեց, որ համակարգի բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում հայկական կողմը կ'օգտուի նաեւ Վրաստանի փորձից:
  -   Տնտեսութիւն