Բուլղարիայում տեղի է ունեցել Յուլիան Անգելովի «Հայերի առօրեան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսը<br />


Բուլղարիայում տեղի է ունեցել Յուլիան Անգելովի «Հայերի առօրեան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսը

  • 05-11-2010 21:26:00   |   |  Մշակոյթ
ՍՈՖԻԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակոյթի նախարարութեան «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արուեստագէտ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրեան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսը: Այն կազմակերպուել էր 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակոյթային տարի» փառատոնի շրջանակներում` ԲՀ մշակոյթի նախարարութեան, ԲՀ-ում ՀՀ դեսպանութեան անմիջական մասնակցութեամբ, բուլղարահայ համայնքի օժանդակությամբ, ինչպէս նաեւ «UniCredit Bulbank»-ի ֆինանսական հովանաւորութեամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, ցուցահանդէսի հանդիսաւոր բացմանը ելոյթներով հանդէս եկան ԲՀ մշակոյթի փոխնախարար Դիմիտր Դերելիեւը, ԲՀ-ում ՀՀ դեսպանութեան խորհրդական Յասմիկ Դաշտոյեանը եւ ցուցահանդէսի հեղինակ Յուլիան Անգելովը: ԲՀ մշակոյթի փոխնախարարն, անդրադառնալով հայ- բուլղարական դարաւոր բարեկամութեանը, աւելացրեց, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նոյնքան հինաւուրց ու ամուր են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը: Նշուեց նաեւ,որ Բուլղարիայում հաստատուած հայերի ճակատագիրը միահիւսուել է բուլղարացիների պատմութեանը, ինչի արդիւնքում ստեղծուել է կենցաղի, սովորոյթների եւ աւանդոյթների ընդհանրություն: Կարեւորելով երկու ժողովուրդների միջեւ ձեւաւորուած ջերմ յարաբերութիւնները` խորհրդական Դաշտոյեանը նշեց, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բուլղարիայի ջերմ վերաբերմունքը մեծապէս պայմանաւորուած է նաեւ բուլղարահայության կեցուածքով եւ նկարագրով, եւ որ ի դէմս «Հայերի առօրեան եւ տոները» խորագրով ցուցահանդէսի, հեղինակին իրապէս յաջողուել է իր լուսանկարներով փոխանցել հայ ժողովրդի կենսակերպը, նրա կենցաղը, աւանդոյթները: Յուլիան Անգելովի «Հայերի առօրեան եւ տոները» խորագրով ցուցահանդէսը նոյեմբերի 10-ին կգործի նաեւ Սիլիստրայում` «Սուրբ Աստուածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նուիրուած հանդիսութիւնների ժամանակ:
  -   Մշակոյթ