ՀԱԿ. Ողջ պատասխանատուութիւնն ընկնում է առաջին հերթին Սերժ Սարգսեանի վրայ


ՀԱԿ. Ողջ պատասխանատուութիւնն ընկնում է առաջին հերթին Սերժ Սարգսեանի վրայ

  • 04-11-2010 22:15:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ Ազգային Կոնգրէսի յայտարարութիւնը Քաղբանտարկեալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանի նկատմամբ ռեժիմի կազմակերպած հերթական ոտնձգութիւնն է իրականացուել քրէակատարողական հիմնարկում: Մէկ ամիս առաջ իշխանական նման մի ծրագրի բացայայտումից ու կանխումից յետոյ սա երկրորդ դէպքն է: Որեւէ կասկած չկայ, որ ահաբեկման սոյն ողորմելի փորձը հրահանգուել եւ իրականացուել է վարչախմբի պարագլուխների, անձամբ Սերժ Սարգսեանի հրահանգով: Իշխանութիւնը, չկարողանալով որեւէ այլ կերպ խոչընդոտել նրա լրագրողական, հրապարակախօսական գործունէութիւնը, շարունակում է փորձել կիրառել իրէն հոգեհարազատ ու նման դէպքերում միակ հասանելի` արիւնակից քրէական տարրերին օգտագործելու մեթոդը: Սա ազատ մամուլը լռեցնելու, խօսքի ազատութիւնը սահմանափակելու իշխանական «զգուշացնող» ահաբեկչական միջոցառումների շղթայի մի օղակն է, որ վերջին շրջանում իրականացւում է «Հայկական ժամանակ» թերթի նկատմամբ, ընդհուպ` խմբագրութեան առջեւ սպառնական ցոյց կազմակերպելով: Տեղեկութիւններ կան, որ նաեւ դատական հայցեր էն նախապատրաստւում թերթի դէմ: Պատճառն այն է, որ «Հայկական ժամանակը» վարչախմբի, նրա բարձրաստիճան ներկայացուցիչների եւ օլիգարխների յանցաւոր կապերը մերկացնող բազմաթիւ նիւթեր է հրապարակում: Հայ Ազգային Կոնգրէսը եւս մէկ անգամ յայտարարում է, որ քաղբանտարկեալ Նիկոլ Փաշինեանին ֆիզիկական կամ այլ բնոյթի որեւէ ճնշման ենթարկելու, նրա անվտանգութեան հետ կապուած որեւէ ոտնձգութեան ողջ պատասխանատուութիւնն ընկնում է վարչախմբի պարագլուխների եւ առաջին հերթին Սերժ Սարգսեանի վրայ: Մենք կոչ ենք անում հայաստանեան, ինչպէս նաեւ միջազգային իրաւապաշտպան, մասնաւորապէս լրագրողների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւններին` իրենց ձայնը բարձրացնել խօսքի ազատութեան ոտնահարման, միջազգայնօրէն ճանաչուած քաղբանտարկեալի, լրագրողի դէմ իշխանական ստորագոյն այս արշաւը կասեցնելու ու վնասազերծելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն