Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուլ է հոգեհանգստեան արարողութիւն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուլ է հոգեհանգստեան արարողութիւն

  • 21-12-2015 15:38:56   |   |  Հասարակութիւն

 
 
Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: 
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումեանը: 
Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձաւ քրիստոնեայի կեանքում աղօթքի կարեւորութեանը եւ նշանակութեանը:  
«Աղօթքը քրիստոնեայի կեանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբաւ ողորմութիւնն ու օգնականութիւնը մեզ համար: Այսօր առաւել քան երբեւէ կարիքն ունենք միասնական աղօթքի յատկապէս մեր հայրենիքի անսասանութեան եւ հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ եւ ապահով ծառայութեան համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցաւօք, ունենք նաեւ զոհեր մեր խիզախ եւ նուիրեալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում յանուն հայրենիքի եւ մեր վաղուայ օրուայ: 
Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղօթքներում անպայման յիշէք եւ աղօթէք նրանց հոգիների հանգստութեան համար` Տիրոջից հայցելով բազկի զօրութիւն, ուժ եւ կորով հայոց բանակի ամէն զինուորի եւ հրամանատարի համար», - նշեց Զաքարիա վարդապետը:
Հաւարտ Պատարագի սրբազան արարողութեան, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգիստ վերջին շրջանում զոհուած հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
 
  -   Հասարակութիւն