«Ժառանգութիւնը» կոչ է անում վիճարկել աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման օրէնքի սահմանադրականությունը<br />


«Ժառանգութիւնը» կոչ է անում վիճարկել աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման օրէնքի սահմանադրականությունը

  • 26-10-2010 20:32:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրման մասին» օրէնքի ընդունումը հեռու է քաղաքացիներին իրական ծառայութիւն մատուցելու եւ վարորդների բեռը թեթեւացնելու խնդրից: Այն, ինչպէս հոկտեմբերի 26-ի ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին յայտարարեց «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը, հետապնդում է բացառապէս մէկ նպատակ` մտնել քաղաքացու գրպանը եւ որքան հնարաւոր է շատ գումար կորզել նրանից: Պատգամաւորն ընդգծեց, որ օրէնքը որեւէ կապ չունի իրական լիբերալ-ազատական տնտեսութեան կառավարման եղանակի հետ, դրա կիրառումը չունի որեւէ այլ անուն, քան օրինականացուած թալան: «Նախորդ իշխանութիւնների չակերտավոր քրտնաջան աշխատանքի արդիւնքում ներկայ իշխանութիւններն այլեւս չունենալով վաճառքի համար նախատեսուած որեւէ գործարան, ռազմավարական օբյեկտ կամ ծառայութիւն, հիմա էլ մտնում են քաղաքացու գրպանը: Իհարկէ մեզ մինչ այդ էլ թալանել են տարբեր եղանակներով. առաջին անհրաժեշտութեան ապրանքների ու ծառայութիւնների, սննդամթերքի չհիմնաւորուած գնաճի տեսքով, բայց սա առաջին դէպքն է, երբ քաղաքացուն պարտադրում են օգտուել որեւէ ծառայութիւնից, այն էլ` չհիմնաւորուած բարձր գներով»,- նշեց Ա.Մարտիրոսեանը: Նա համոզուածութիւն յայտնեց, որ այստեղ առկայ է խոշորածաւալ կոռուպցիոն երեւոյթ եւ օրէնքի ընդունման արդիւնքում հարստացել են որոշ պաշտոնեաներ: Ա.Մարտիրոսեանը յայտարարեց, որ «Ժառանգութիւնը» կոչ է անում ԱԺ բոլոր մտահոգ խմբակցութիւններին եւ պատգամաւորներին անյապաղ ստորագրահաւաք սկսել նշուած օրէնքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Նոյն կոչով «Ժառանգութիւնը» դիմում է նաեւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանին:
  -   Քաղաքական