Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը Եւրոպայի խորհրդում լաւ գործընկեր է»<br />


Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը Եւրոպայի խորհրդում լաւ գործընկեր է»

  • 21-10-2010 16:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ Հայաստանում անցկացուող «Յանուն ժողովրդավարութեան ապագայի» ֆորումի մասնակիցների պատուիրակութեանը: Նա ողջունել եւ կարեւորել է Երեւանում ֆորումի անցկացումը, հոյս յայտնելով, որ դրա շրջանակներում արդիւնաւէտ քննարկումներ են տեղի ունեցել: Ս.Սարգսեանը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ ժողովրդավարական հաստատութիւնների ամրապնդման գործում` ընդգծելով համաեւրոպական արժէքներին Հայաստանի նուիրուածութիւնը: «Մարդու եւ քաղաքացիների հիմնարար ազատութիւնների, ժողովրդավարական արժէքների պաշտպանութիւնը Հայաստանի Հանրապետութեան, մեր պետականութեան հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից յետոյ, այդ ուղղութեամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, յստակօրէն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու եւ մենք հաստատակամօրէն տրամադրուած ենք այդ ճանապարհն անցնելու մինչեւ վերջ, թէեւ ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,- նշել է Ս.Սարգսեանը: Երեւանում անցկացուած երկօրեայ Ֆորումը համարելով նշանակալից իրադարձութիւն եւ ԵԽ-ի, եւ Հայաստանի համար, Թ.Յագլանդն ասել է, թէ շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եւրոպայի խորհրդում լաւ գործընկեր է: «Մենք, իհարկէ, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարոն Նախագահ, որ դուք արդէն անցել եք բաւականին երկար ուղի: Եւրոպայի խորհրդի հիմնական առաքելութիւնն է` օգնել պետութիւններին յաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիւ խոչընդոտներ ժողովրդավարութեան համար: Եվ որքան առաջ ենք ընթանում` նորերն են աւելանում»,- ասել է ԵԽ գլխաւոր քարտուղարը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Թ.Յագլանդը բարձր է գնահատել նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունէութիւնը` նշելով, որ նա աջակցում է Եւրոպայի խորհրդում ձեռնարկւող բարեփոխումներին, որոնք միտուած են կազմակերպութիւնն աւելի նպատակային դարձնելու եւ ժողովրդավարութեան ապագայ մարտահրավերներին աւելի լաւ նախապատրաստելու համար:
  -   Քաղաքական