Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Աւստրալիայի դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Աւստրալիայի դեսպանին

  • 24-05-2016 19:45:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Աւստրալիայի նորանշանակ դեսպան Պիտեր Մարտին Թեշին (նստավայրը` Մոսկուա):
 
Ողջունելով դեսպանին եւ բարի առաքելութիւն մաղթելով նրան՝ Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ դեսպանի ջանքերով աւելի կը զօրանան երկու ժողովուրդների կապերը եւ կ'ընդլայնուեն երկրների միջեւ համագործակցութիւնը: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ հաստատեց, որ երկկողմ յարաբերութիւնների սերտացման համար կարեւոր կամուրջ է հանդիսանում Աւստրալիայի հիւրընկալ հողում հաստատուած հայ համայնքը: Նորին Սրբութիւնն իր գնահատանքը փոխանցեց հայ համայնքի հանդէպ Աւստրալիայի իշխանութիւնների կողմից դրսեւորուող հոգատար վերաբերմունքի համար:
Հայոց Հայրապետը, ի դէմս դեսպան Թեշի, իր երախտագիտութիւնը յայտնեց Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի օրէնսդիր եւ գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախութեան, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին բերած աջակցութեան համար:
Իր հերթին Աւստրալիայի դեսպանը խորին շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելութեան համար՝ հաւաստիացնելով, որ, հակառակ աշխարհագրական հեռաւորութեան, իր ջանքերն ուղղուած են լինելու երկու պետութիւնների միջեւ տարբեր ոլորտներում առկայ կապերի առաւել խորացմանն ու ամրապնդմանը: Նա գնահատանքով անդրադարձաւ նաեւ Աւստրալիայի հայ համայնքի կարեւոր ներգրաւուածութեանը երկրի կեանքի տարբեր ոլորտներում:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման համար հոգեւոր առաջնորդների կողմից գործադրուող ջանքերի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւնների, ինչպէս նաեւ հասարակութեան կեանքում Հայոց Եկեղեցու դերակատարութեան եւ ժամանակակից մարտահրաւէրների մասին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն