Աւարտական փուլում է Երեւանի կենդանաբանական այգու զարգացման գլխաւոր պլանի մշակումը


Աւարտական փուլում է Երեւանի կենդանաբանական այգու զարգացման գլխաւոր պլանի մշակումը

  • 02-05-2011 18:23:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի Կենդանաբանական այգու խնդիրների եւ զարգացման հեռանկարի հետ կապուած հարցեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրէն Հայկ Բալեանի եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրէն Ռուբեն Խաչատրեանի հետ մայիսի 2-ի հանդիպման ընթացքում։ Կարեւորելով կենդանաբանական այգու ոչ միայն բնապահպանական, այլեւ կրթադաստիարակչական, նաեւ զբօսաշրջային առումով նշանակութիւնը, Կարէն Կարապետեանն ընգդծել է այգու զարգացման, վերազինման, միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու հարցում քաղաքապետարանի շահագրգռուածութիւնը։ Ընդհանուր գծերով հիւրին ներկայացնելով այս ուղղութեամբ քաղաքապետարանի մօտեցումները, քաղաքապետն առանձնացրել է կենդանաբանական այգու հենքի վրայ տարածաշրջանային ուսումնական կենտրոն հիմնելու նպակը։ Քաղաքապետը միաժամանակ կարեւորել է համակարգուած, ծրագրային մօտեցմամբ՝ ուսումնական հաստատութուններ - կենդանաբանական այգի մշտական կապի անհրաժեշտութիւնը։ «Հաշուի առնելով Հայաստանի հարուստ կենդանական աշխարհը, Երեւանն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում ամենաժամանակակից կենդանաբանական այգիներից մէկն ունենալու հնարաւորութիւնը»,- նշել է Ամստերդամի «Արտիս>> կենդանաբանական այգու տնօրէն Հայկ Բալեանը՝ Երեւանի քաղաքապետին ներկայացնելով այգուց ստացած իր տպաւորութիւններն ու զարգացման հնարաւորութիւնների վերաբերեալ իր մօտեցումները։ Ներկայացնելով Ամստերդամում այդ ուղղութեամբ իրականացուած ծրագրերը եւ փորձը, նա պատրաստակամութիւն է յայտնել խորհրդատուական աջակցութիւն ցուցաբերել այգու զարգացման ծրագրերի իրականացման հարցում։ Հանդիպմանը ներկայ Վայրի բնութեան մշակութային արժէքների պաշտպանութեան հիմնադրամի համակարգող Բարբարայ Զիբերտը, գնահատելով այգու զարգացման ծրագրերում կրթական բաղադրիչի առկայութիւնը, իր հերթին պատրաստակամութիւն է յայտնել հիմնադրամի կողմից աջակցութիւն ցուցաբերել։ Ներկայում աւարտական փուլում է կենդանաբանական այգու զարգացման գլխաւոր պլանի մշակումը, որն առաջիկայում կը ներկայացուի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
  -   Հասարակութիւն