Մայր Աթոռ Ս. Էջմիածին են այցելել Գերմանայ-հայկական ֆորումի նախագահութեան անդամները


Մայր Աթոռ Ս. Էջմիածին են այցելել Գերմանայ-հայկական ֆորումի նախագահութեան անդամները

  • 30-08-2016 18:09:42   |   |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Գերմանայ-հայկական ֆորումի պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամաւոր Ալբերտ Վայլերի: 
Հիւրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյններն ու օրհնութիւնը: 
 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւաւորուած համագործակցութիւնը տարբեր ոլորտներում եւ, ի մասնաւորի, Գերմանայ-հայկական ֆորումի աշխատանքը` ուղղուած երկուստէք կապերի զօրացմանը: Այս առիթով Նաթան Սրբազանը խորին երախտագիտութիւն յայտնեց Գերմանայ-հայկական ֆորումի անդամներին` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում ունեցած կարեւոր դերակատարութեան համար:
Նաթան արքեպիսկոպոսն իր խօսքում անդրադարձ կատարեց նաեւ Գերմանիայի ժողովրդի կողմից դաւանուող համամարդկային հոգեւոր բարձր արժէքներին եւ այլ պետութիւնների եւ ժողովուրդների նկատմամբ դրսեւորուող մարդասիրական կեցուածքին` այս կապակցութեամբ փաստելով այն ջերմ վերաբերմունքը, որ ցուցաբերւում է Գերմանիայի հայ համայնքի նկատմամբ:
Ֆորումի նախագահ Ա. Վայլերը եւս գոհունակութիւն յայտնեց առկայ արդիւնաւէտ գործակցութեան համար` կարեւորելով ֆորումի գործունէութիւնը երկու ժողովուրդների կեանքում:
Զրոյցի ընթացքում Նաթան Սրբազանը հիւրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, ներկայիս ծառայութիւնը սոցիալական եւ կրթական ոլորտներում, երիտասարդների ներգրաւուածութիւնը Եկեղեցու կեանքում:
Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների բաժնի տնօրէնը նաեւ պատասխանեց ֆորումի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին ընտանեկան արժէքներին, ՀՀ ԶՈՒ-ի հոգեւոր առաջնորդութեանը, Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից իրականացուող աշխատանքներին:
Հանդիպման աւարտին Նաթան արքեպիսկոպոսը բարի արդիւնաւորում մաղթեց ֆորումի նախագահութեան առաքելութեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն