Արցախում գումարուած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովն սկսել է իր աշխատանքը


Արցախում գումարուած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովն սկսել է իր աշխատանքը

  • 06-09-2016 18:21:57   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:  
Ժողովի բացմանը ԳՀԽ հոգեւորական եւ աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Նորին Սրբութիւնը` մասնաւոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանին եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանին Արցախի 25-ամեակի տօնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովն Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրաւէրի համար: Նորին Սրբութիւնը կարեւորեց ԳՀԽ ժողովների պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառութիւն եւ հոգեւոր կեանքի զօրացման մեծ խթան է համայնքների համար:
 
«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացութիւն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփուած են մեր նախնեաց յիշատակները, որտեղ գտնւում են բազում սրբավայրեր: Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նուիրական այդ սրբավայրերում եւ մեր աղօթքն առ Աստուած բարձրացնելու Արցախի ապահովութեան եւ արցախահայութեան բարօր կեանքի համար», - ասաց Գարեգին Բ Հայրապետը` ընդգծելով, որ Հայոց  Եկեղեցին իր աշխարհասփիւռ թեմերով ու համայնքներով միշտ եղել եւ մնում է արցախահայութեան կողքին, աջակից եւ զօրակից Արցախին` իր արդար իրաւունքների պաշտպանութեան գործում: 
Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան թեմերի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարիւր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին արցախահայութեան կարիքների համար:
Հայոց Հայրապետն աղօթքով մաղթեց, որ Աստուած Իր Ս․ Աջի հովանու ներքոյ խաղաղութեան մէջ պահի Արցախ աշխարհը եւ բարօր ու անվրդով կեանք պարգեւի նրա քաջարի ժողովրդին: 
Անդրադառնալով ժողովի օրակարգին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քննարկուելիք խնդիրները մեծ կարեւորութիւն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառոյցների գործունէութեան կանոնակարգման, Եկեղեցու առաքելութեան արդիւնաւէտ կազմակերպման եւ առաջընթացի համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց ԳՀԽ անդամներին իրենց նուիրումի եւ յանձնառութեան համար` արդիւնաւէտ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին:
Մինչ օրակարգի հարցերի քննութիւնը ժողովականներն աղօթք բարձրացրեցին Գերագոյն հոգեւոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտոյ Ճերեճեանի (Արգենտինա) հոգու հանգստութեան համար:
Եռօրեայ ժողովի ընթացքում կը քննարկուեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագոյն հոգեւոր խորհրդի կանոնադրութիւնների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրութեան լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կը ներկայացուեն զեկոյցնէր եկեղեցական կառոյցների եւ թեմերի գործունէութեան առնչութեամբ:
 
  -   Մամլո հաղորդագրություն