Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարուել է Հանրապետական մաղթանք


Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարուել է Հանրապետական մաղթանք

  • 09-09-2016 14:55:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն  Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարուեց Հանրապետական մաղթանք` Արցախ աշխարհի խաղաղութեան եւ բարօրութեան համար: 
 
Արարողութեանը ներկայ էին ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, այլ պաշտօնատար անձինք, զինուորականներ եւ շուշեցիներ:
Եկեղեցու ղօղանջների ներքոյ եկեղեցականների թափօրն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Արցախի Հանրապետութեան նախագահին առաջնորդեց եկեղեցի, ուր հաւաքուած ժողովուրդը ցնծութեամբ ողջունեց Հայոց Հայրապետին:
Հանրապետական մաղթանքի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու պատգամը բերեց ներկաներին:
«Գոհութիւն ու փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթն ունենք Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների հետ գտնուելու օրհնեալ մեր Արցախ աշխարհում եւ ազատագրական մեր պայքարի խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարելու Հանրապետական մաղթանք` հայցով առ Աստուած, որ խաղաղ ու անվրդով պահի Արցախի եւ Հայաստանի սահմանները եւ Իր արարչական սերն ու խնամքը հովանի դարձնի հերոսական արցախահայութեանը: 
Այս օրերին մեր ժողովուրդը տօնախմբում է Արցախի անկախութեան 25-րդ տարեդարձը` պանծալի յոբելեանը մեր նորօրեայ պատմութեան ամենանշանակալի իրադարձութեան: Մենք վերստին արժեւորում ենք մեր յաղթանակներն ու ձեռքբերումները եւ խոնարհումով յիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կեանքն ընծայեցին յանուն Արցախի ազատութեան եւ մեր hայրենիքի ապահովութեան:  
Նախորդ երկուսուկէս տասնամեակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան զօրացման եւ յաջողութիւնների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլեան վերջին իրադարձութիւնները, սակայն, եկան հաւաստելու, որ մենք տակաւին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականութեան ամրապնդման եւ մեր հայրենքի սահմանների անվտանգութեան ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգութիւնների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զօրացնել մեր բանակը, շէնացնել ու հզօրացնել Արցախը: 
Արցախահայութիւնը` հակառակ ամէն դժուարութիւնների, շարունակում է հերոսաբար տոկալ եւ իր հարազատ հողի վրայ կառուցել իր բարօր ապագան: 
Արցախի այս սուրբ հողում երբեւէ չի տկարացել հայի հաւատքն ու հայրենասիրութիւնը: Մեր երկրատեւ պատմութեան ընթացքին մէկ անգամ չէ, որ թշնամիները բախուել են արցախահայութեան աննկուն կամքին եւ ընկրկել նրանց խիզախութեան առջեւ: Այստեղ ապրող մեր ժողովուրդը երբեք չի համակերպուել եւ չի համակերպուելու անարդարութեան ու բռնութիւնների հետ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ու եկեղեցական կառոյցների ամէն հնարաւորութեամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ` մշտապէս սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչման եւ Արցախում արժանապատիւ կեանքի կառուցման ջանքերին: 
Անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին մեր ժողովրդի միասնականութեան, մեր յաղթանակի, ազգային մեր զարթօնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբուել է ջանքն ու ջիղը համայն հայութեան, թեւ առել յաղթանակների վստահութիւնն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայութեան, որը նրա անկախութեան պաշտպանն ու երաշխաւորն է: 
Տարակոյս չունենք, որ արցախեան հիմնախնդիրը մեր ժողովուրդը առ Աստուած ապաւինութեամբ առաջնորդելու է բարուոք լուծման: Առաքեալի խօսքի համաձայն. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին` մեր հաւատքը»: Մեր կրած դառնութիւնների, զրկանքների ու չարչարանքների, մեր թանկ զոհողութիւնների դիմաց այս սուրբ հողում ընդմիշտ շարունակելու է ծաղկել ու զօրանալ հայ կեանքը: Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնուելու եւ հայ մանուկներ են մկրտուելու մեր եկեղեցիների սուրբ աւազաններում` նոր շունչ բերելով մեր կեանքին, շունչն ու ոգին վառ հաւատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմութեան», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Բարձրեալի զօրակցութեան հայցով Նորին Սրբութիւնը հայրապետական իր օրհնութիւնը բերեց ԼՂՀ նախագահ տիար Բակօ Սահակեանին եւ պետական աւագանուն` մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հայրենաշեն գործերում: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնութիւնն ու բարձր գնահատանքը բերեց Հայոց բանակի սպաներին ու մարտիկներին` աղօթքով, որ Տէրն ամուր ոգով ու յաղթական բազկով պահպանի հայրենեաց պաշտպաններին եւ Իր Աջի հովանու ներքոյ հեռու պահի վտանգներից ու փորձութիւններից: 
Հայոց Հովուապետը նաեւ իր օրհնութիւնը բերեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանին եւ թեմի հոգեւոր դասին` հայցելով Տիրոջ շնորհները իրենց նուիրական առաքելութեան մէջ: 
Օրհնելով Արցախի հերոսական ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց շարունակել ապրել սիրով առ Աստուած, առ Սուրբ Եկեղեցին եւ հայրենիքը, առաջ ընթանալ աներկբայ յոյսով, որ ցանկացած փորձութեան միջից էլ աւելի յաղթական են դուրս գալու Բարձրեալի միջոցով:  
Վերստին աղօթք բարձրացնելով առ Աստուած հայրենիքի խաղաղութեան եւ  սահմանների ապահովութեան համար` Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնաւորի զօրակցութիւնը Արցախի ժողովրդին: Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Ամենակալ Աստուած օրհնի Հայաստանն ու Արցախը եւ ապաւէն լինի մեր ժողովրդին` ի կատար ածելու ազգային իղձերն ու նպատակները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս․ Խաչելութեան պատկեր նուիրեց։
 
  -   Մամլո հաղորդագրություն