Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արեւելեան ծէսի ընկերութեան 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արեւելեան ծէսի ընկերութեան 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին

  • 13-09-2016 15:07:04   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 11-ից 15-ը Մայր Աթոռում անցկացուող Արեւելեան ծէսի ուսումնասիրութեան ընկերութեան 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
 
Ներկայացնելով հիւրերին` ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Զոհրապ եւ Կը լարայ տեղեկատուական կենտրոնի տնօրէն, ընկերութեան համահիմնադիր Հոգեշնորհ Տ. Դանիէլ վարդապետ Ֆինդիկեանը, իբրեւ Մայր Աթոռի միաբան, շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին գիտաժողովը Ս. Էջմիածնում գումարելու հրաւէրի եւ ջերմ հիւրընկալութեան համար:
Իր հերթին խօսք ասաց նաեւ ընկերութեան նախագահ Բռայեն Սփինքսը (Յեյլի համալսարան): Վերջինս Նորին Սրբութեանը ներկայացրեց ընկերութեան առաքելութիւնը եւ Արեւելեան ծէսի ուսումնասիրութեան նպատակները: Պրոֆ. Սփինքսն երախտագիտութեամբ ընդգծեց, որ առաջին անգամ է գիտաժողովը Եկեղեցու պետի հրաւէրով գումարւում Եկեղեցու հոգեւոր կենտրոնում:
Սյնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը կարեւորեց գիտաժողովի գումարումը Ս. Էջմիածնում` ընդգծելով, որ նման հաւաքները մեծ նպաստում են միմեանց աւելի լաւ ճանաչելուն, միմեանց աւանդոյթներին, ծէսին եւ հոգեւոր արժէքներին հաղորդակից դառնալուն: Հայոց Հայրապետը գոհունակութեամբ նշեց նաեւ, որ գիտաժողովը իւրայատուկ ներդրում է էկումենիկ շարժման աշխատանքներում` այս կապակցութեամբ ուրախութեամբ արձանագրելով Եկեղեցիների միջեւ տիրող այն սիրոյ ոգին, որ առաջնորդում է նման բարի գործակցութեան:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնաւոր գնահատանքը յայտնեց գիտաժողովին մասնակից այն ծիսագէտներին, որոնք մեծ աւանդ ունեն Հայոց Եկեղեցու ծէսի ուսումնասիրութեան եւ այն հանրայնացնելու գործում: 
Իր խօսքում Նորին Սրբութիւնը հաստատեց, որ ներկայ գիտնականների ձեռքբերումներով կրթւում են նաեւ Հայ Եկեղեցու հոգեւորականներ` նրանց հովանու եւ առաջնորդութեան ներքոյ շարունակելով իրենց ուսումնառութիւնը եւ գիտական աշխատանքը տարբեր համալսարաններում: 
Վերստին Հայրապետական օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը արդիւնաւոր աշխատանք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Վերջում Նորին Սրբութիւնը պատասխանեց ծիսագէտների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ ներկայիս գործունէութեանը, Եկեղեցու ծիսական լեզուին եւ վանական կեանքի վերկանգնման ուղղութեամբ տարուող աշխատանքներին:
 
  -   Մամլո հաղորդագրություն