Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Առողջապահութեան նորանշանակ նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Առողջապահութեան նորանշանակ նախարարին

  • 03-10-2016 18:05:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Առողջապահութեան նորանշանակ նախախար Լեւոն Ալթունեանին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրէն Արմէն Չարչեանի: 
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհաւորեց նախարարին, յաջողութիւններ եւ արդիւնաւէտ առաքելութիւն մաղթեց նրան առողջապահութեան բարդ եւ դժուարին ոլորտում: 
Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ նախարարն ամէն ջանք կներդնի ոլորտի զարգացման ուղղութեամբ, նոր ձեռքբերումներով այն կը բարձրացնի մի նոր մակարդակի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին` իր աշխարհասփիւռ թեմերով, ունեցած հնարաւորութիւնների սահմաններում պիտի շարունակի զօրակցութիւն բերել ոլորտի արդիւնաւորմանը: 
Իր հերթին տիար Լեւոն Ալթունեանը Հայոց Հայրապետին ներկայացրեց առողջապահութեան զարգացման եւ առկայ խնդիրների յաղթահարման վերաբերեալ իր տեսլականը` վստահեցնելով, որ պիտի ամէն ջանք գործադրի այս պատասխանատու ծառայութեան մէջ` ի նպաստ հայրենի բնակչութեան:  
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց առողջապահութեան խնդիրներին: Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս կարեւորեց բժշկական ծառայութիւնների մատչելիութիւնը կարիքաւորների եւ հասարակութեան խոցելի խմբերի համար:
 
  -   Մամլո հաղորդագրություն