Ուրուգուայի համալսարանի ռեկտորն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Ուրուգուայի համալսարանի ռեկտորն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

  • 03-10-2016 18:55:32   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ուրուգուայի Արեւելեան Հանրապետութեան համալսարանի ռեկտոր Ռոբերտոյ Մարկարեանի գլխաւորած պատուիրակութիւնը:
Հիւրերին ընդունեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: 
 
Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջոյններն ու օրհնութիւնը` Նաթան Սրբազանն ուրախութեամբ նշեց, որ մեծ հպարտութիւն է համայն հայութեան հոգեւոր կենտրոնում ընդունել Ուրուգուայի կարեւորագոյն կրթական հաստատութիւններից մէկի ղեկավար հայազգի գիտնականին, ով իր տեսանելի աւանդն է ներդրել երկրի կրթական համակարգի զարգացման գործում:
Սրբազան Հայրը հիւրին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում եւ ներկայիս գործունէութիւնը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով կրթութեան եւ դաստիարակութեան ոլորտում Հայ Եկեղեցու կողմից իրագործուող ծրագրերին եւ Մայր Աթոռի հովանու ներքոյ գտնուող կրթական հաստատութիւնների գործունէութեանը` Նաթան արքեպիսկոպոսը մեծապէս կարեւորեց երիտասարդութեան հետ տարուող աշխատանքները: 
Իր հերթին տիար Ռոբերտոյ Մարկարեանն իր լաւագոյն բարեմաղթանքներն ու ողջոյնները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջինս, կարեւորելով կրթութեան անհրաժեշտութիւնը, ուրախութեամբ նշեց, որ այսօր երկու երկրների միջեւ ակտիւօրէն սերտանում է համագործակցութիւնը կրթութեան ոլորտում: 
Ռեկտորը գոհունակութեամբ անդրադարձաւ նաեւ ուրուգուայահայութեան կեանքին, ինչպէս նաեւ Ուրուգուայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակման գործում հայ համայնքի ունեցած կարեւորագոյն դերակատարութեանը: 
Վերջում Նաթան Սրբազանը Ուրուգուայի համալսարանի ռեկտորին մաղթեց արգասաւոր գործունէութիւն:
 
  -   Մամլո հաղորդագրություն