Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Կարդինալ Հեօֆներ» միութեան անդամները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Կարդինալ Հեօֆներ» միութեան անդամները

  • 04-10-2016 17:26:27   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Գերմանիայի Բունդեսթագի փոխխօսնակ Յոհաննես Զինգհամերի եւ «Կարդինալ Հեօֆներ» միութեան նախագահ Կառլ Շիւեռլինգի գլխաւորած պատուիրակութիւնը: պատուիրակութեան կազմում էր նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Գերմանիայի թեմի` կառավարութեան հետ կապերի պատասխանատու Հայր Իւսթենը:
 
Հիւրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյններն ու օրհնութիւնը: 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւաւորուած համագործակցութիւնը տարբեր ոլորտներում եւ հիւրերի խնդրանքով ներկայացրեց Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում: 
Նաթան Սրբազանն անդրադարձաւ նաեւ Հայոց Եկեղեցու այսօրուայ ծառայութեանը կրթական, սոցիալական ոլորտներում, մասնաւորապէս ներկայացրեց երիտասարդների հետ տարուող աշխատանքները: Պատասխանելով Բունդեսթագի փոխխօսնակի հարցին` Սրբազանը խօսեց նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
«Կարդինալ Հեօֆներ» միութիւնը, որի անդամները Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնէայ-դեմոկրատական եւ Քրիստոնէայ-սոցիալիստական խմբաւորումներից են, ստեղծուել է 20 տարի առաջ: Միութեան նախագահի խօսքով, իրենց նպատակն է` քրիստոնէական առաքելութիւն իրականացնել հասարակական եւ քաղաքական դաշտում, ինչպէս նաեւ սերտ յարաբերութիւններ հաստատել քրիստոնէական տարբեր Եկեղեցիների հետ, ինչին միտուած էր Մայր Աթոռում կայացած հանդիպումը: 
 
  -   Մամլո հաղորդագրություն