Հրապարակուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստուածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով


Հրապարակուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստուածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով

  • 06-10-2016 14:55:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերէն թարգմանութիւնն ու հրատարակութիւնը պատմութեան հոլովոյթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: 
 
Գիտաժողովի բացմանը ‹‹էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողութեան ներքոյ բերուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստուածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով, որն ընթերցեց Մայր Աթոռի Հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանի կողմից:
Ստորեւ բերուած է Հայրապետական կոնդակն ամբողջութեամբ:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
 
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
 
«Լուսովդ Քով Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք» 
(Ժամագիրք):
 
 
Սիրեցեալ ժողովուրդ հայոց ի Հայաստան, յԱրցախ և ի Սփիւռս,
Այս տարի լրանում է Աստուածաշունչ մատեանի հայերէն տպագրութեան 350-րդ տարեդարձը` հայոց կեանքում Քրիստոսի լոյսը առատացնելու մեծաշնորհ, աստուածօրհնեալ գործի պանծալի յոբելեանը: 
Սուրբ Գիրքը հայախօս դարձաւ 5-րդ դարում, երբ Սուրբ Սահակ Հայրապետը Աստուծոյ խօսքը հաւատացեալ մեր ժողովրդին հասկանալի դարձնելու անհրաժեշտութեամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց երանաշնորհ Վարդապետին յանձնարարեց ձեռնամուխ լինելու հայոց գրերի ստեղծման բազմերախտ գործին: Գրերի գիւտից յետոյ դարեր շարունակ մեր վանքերում լուսամիտ գրիչները հազար-հազարներով ընդօրինակեցին Աստուածաշունչ մատեանը  և նրա առանձին գրքերը: Աստուծոյ խօսքը պարունակող, Քրիստոսի մասին պատմող մագաղաթը մեր ժողովրդի համար դարձաւ ամենաթանկ հարստութիւնը բոլոր գանձերի մէջ: Աստուածաշնչի թարգմանութեամբ ու տարածմամբ լուսաւորուեց աշխարհը հայոց, պայծառացաւ Քրիստոսի լոյսով,  հաւատքն ամրացաւ, սէրը բազմացաւ, յոյսն առատացաւ, շնորհը լիացաւ` բխեցնելով մեր ժողովրդի հոգու և մտքի յորդահոս արգասիքները: 
Տպագրութեան գիւտից յետոյ, երբ Եւրոպայում սկսուեց տպագրուել մեծաքանակ գրականութիւն, դժուար էր հաւատալ, որ ասպատակութիւնների ենթարկուող, հալածանքների ու նեղութիւնների մէջ գտնուող մեր ժողովուրդը կարճ ժամանակ անց  ծաղկեցնելու է նաև հայերէն տպագրութիւնը: Աստուծոյ օրհնութեամբ գրատպութեան գիւտից մի քանի տասնամեակ անց` 1512 թուականին, Յակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում լոյս ընծայուեց հայալեզու առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը»` սկիզբ դնելով հայ տպագրութեան փառաւոր աւանդներին: Գրքի, ուսման ու գիտութեան հանդէպ անսահման սէր ունեցող մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց, որպէսզի տպագրութեան ճանապարհով լուսաւորութիւնը առաւել տարածուի մեր երկրում: Յատկապէս անհրաժեշտութիւն էր Սուրբ Գրքի տպագրութիւնը, որի նպատակով Յակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոսի կողմից Եւրոպա առաքուեց Սուրբ Էջմիածնի միաբան Ոսկան Երևանցի վարդապետը: Լուսամիտ եկեղեցականը նիւթական շատ ծանր պայմանների ու զրկանքների մէջ բազմաթիւ դժուարութիւններ ու խոչընդոտներ յաղթահարեց, օգնութիւն գտնելու ակնկալիքով այցելեց եւրոպական տարբեր քաղաքներ ու հայաշատ բնակավայրեր և անխոնջ ջանքերով 1666 թուականին Ամստերդամում հրատարակեց հայերէն առաջին Աստուածաշունչը: 
Սուրբ Գրքի տպագրութիւնը նշանակալի հանգրուան եղաւ մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմութեան մէջ: Յաջորդող տասնամեակներին և յատկապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տպարանի հաստատումից յետոյ բազմապատկուեց հայալեզու գրականութիւնը, հարստացաւ հոգևոր և գիտական բազմաթիւ արժէքաւոր աշխատութիւններով:  
Սուրբ Գրքի տպագրութեան յոբելեանը այսօր առիթ է հաւատաւոր հայորդեաց համար` երախտագիտութեամբ խոնարհուելու հայ գրի բոլոր նուիրեալ մշակների պայծառ յիշատակի, նրանց անմահ գործի առջև: 
Մեր յորդորն ենք բերում թեմական և համայնքային մեր կառոյցներին, կրթական ու գիտական հաստատութիւններին` պատշաճ միջոցառումներով ու տօնախմբութիւններով նշանաւորելու Աստուածաշունչ մատեանի տպագրութեան արժանայիշատակ յոբելեանը: Մաղթում ենք, որ մեր պատմութեան այս կարևոր իրադարձութեան յիշատակութիւնն առաւել զօրացնի աշխարհասփիւռ Մեր զաւակներին` ամուր պահելու նախնեաց հաւատքը և հաւատարմութիւնը ազգային աւանդներին, որպէսզի Քրիստոսի լոյսը շարունակի սիրով, նուիրումով ու երկնային շնորհներով լցնել մեր կեանքը:
Մեր աղօթքն է, որ Քրիստոս մեր Տէրը Իր օրհնութեան ու շնորհաց լոյսը հանապազ սփռի հայոց աշխարհում, հանուր հայ կեանքում և ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահի հայրենի մեր երկիրը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և աշխարհասփիւռ ազգս հայոց այսօր և յաւիտեան. ամէն:
«Ամենայն գիրք աստուածաշունչք եւ օգտակարք ի վարդապետութիւն են` եւ ի յանդիմանութիւն, եւ յուղղութիւն, եւ ի խրատ արդարութեան. զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ, յամենայն գործս բարութեան հաստատեալ» (Բ Տիմ. Գ 16-17):
 
 
Օրհնութեամբ`
 
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
 
Տուաւ Կոնդակս ի 28 Յուլիսի
յամի Տեառն 2016 և ի թուին հայոց ՌՆԿԵ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 963
###
 
  -   Մամլո հաղորդագրություն