Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է աւագ լեյտենանտ Սարգիս Գաբրիէլեանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է աւագ լեյտենանտ Սարգիս Գաբրիէլեանին

  • 10-10-2016 15:14:10   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2015 թ. մարտին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի: 
 
Հայրենյաց պաշտպան սպան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ անհրաժեշտ բուժում էր ստացել Հնդկաստանում և օրեր առաջ վերադարձել Հայրենիք:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերելով ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանին, խոր ցավով անդրադարձավ սպայի վիրավորմանը և վստահություն հայտնեց, որ նա միևնույն ոգով կշարունակի ծառայել Հայրենիքին ու հայ ժողովրդին:
Իր հերթին ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանը հոգածու վերաբերմունքի և ստանձնած խնամատարության համար երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ու Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը:
Նորին Սրբությունը, աղոթք վերառաքելով առ Աստված, մաղթեց, որ Ամենակալ Տերն իր հարատև օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդուն, և վերջինս Երկնավորի զորակցությամբ իր կյանքն ապրի բարի ու գեղեցիկ իրագործումներով: 
Վերջում Վեհափառ Հայրապետը նաև աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները և հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում:
 
  -   Մամլո հաղորդագրություն