Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրուած դեսպանների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրուած դեսպանների հետ

  • 18-10-2016 17:47:09   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Դեսպաններ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետութիւնում Լիբանանի Հանրապետութեան դեսպանի կեցավայրում հանդիպում ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպանների եւ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարների հետ։ 
 
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ծրագրի նախաձեռնող, ՀՀ-ում Լիբանանի դեսպան տիար Ժան Մակարոնը։ Վերջինս շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր հրաւէրին ընդառաջ ծրագրին մասնակցելու եւ դեսպաններին «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութիւնը անցեալում եւ ներկայում» խորագրով բանախօսութիւն ներկայացնելու պատրաստակամութեան համար։
Այնուհետեւ դեսպաններին եւ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գեղեցիկ հաւաքոյթի կազմակերպման առիթով իր գնահատանքը յայտնելով ՀՀ-ում Լիբանանի դեսպանին: 
Բանախօսութեան մէջ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադրմանն ու բազմադարեայ սպասաւորութեանը` խօսելով նաեւ ազգային ինքնութեան պահպանութեան գործում ունեցած նրա կարեւոր դերակատարութեան մասին: 
«Հայոց Եկեղեցու առաքելութիւնը տարածւում է հայ ժողովրդի բազմադարեայ պատմութեան եւ Յիսուս Քրիստոսի հարութեամբ բացուած ճանապարհի երկու սահմանագծերում: Նա չարչարակից է եղել իր ժողովրդին, մարտիրոսուել իր զաւակների հետ` միշտ վառ պահելով, սակայն, իր Հիմնադրի` Յիսուս Քրիստոսի յարութեան կենսապարգեւ յոյսը: Ահա այսպիսին է պատմութեան ու Յարութեան խորհուրդների միջեւ ծագած ու մինչ օրս շարունակուող Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութեան սահմանումը: Գողգոթայի խաչից, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գծած արեան հետքերով, այն հասնում է մինչեւ Տիրոջ գերեզման` յարութիւն առնելով ու վերանորոգուելով կրկին իր Տիրոջ յաղթական օրինակով:
Ժողովրդի ու ազգի հետ Քրիստոսանման այս նոյնացման պատճառով է, որ դեռեւս Է. դարից այն որակուել է Ազգային Եկեղեցի` ոչ թէ այլ ազգերի բացառման հաշուին, այլ Քրիստոսի կողմից իրեն վստահուած ազգի հանդէպ բոլորանուէր, անմնացորդ ծառայութեան օրինակով: Այս գաղափարն է մղել նրան պատմութեան ընթացքում, իբրեւ «ուխտ միաբանութեան» (Եղիշէ, «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին»), կերտելու ազգային ու հոգեւոր ինքնութիւն: Անցեալի առաքելութեան մի կարեւորագոյն գործօնն է սա, երբ Եկեղեցին ազգի համար կերտում է ինքնութիւն` հիմնուած քրիստոնէական համամարդկային արժէքների, հոգեւոր ու մշակութային նշանակալի ձեռքբերումների վրայ: Ինքնութիւն, որի մասին դիպուկ արտայայտուել է Է. դարի մեր պատմիչ Եղիշեն` բնորոշելով այն իբրեւ «մաշկի գոյն»:
Ազգային-քրիստոնէական այս ինքնութիւնը հայ ժողովրդի կեանքում Հայոց Եկեղեցու առաքելութեան առանցքն է: Դժուար է պատկերացնել, թէ ինչպիսի իրավիճակներում ու հանգամանքներում կը զարգանար հայ ժողովրդի կեանքը, եթէ իր ինքնութեան գիտակցումով նա ինքն իրեն չնոյնացնէր Յիսուս Քրիստոսի վկայութեան հետ: Ինչպէ՞ս պիտի յաղթահարէր պատմութեան ու ժամանակի աղէտները, մարդկութեան ամենամեծ ողբերգութիւններից մէկը` ցեղասպանութիւնը եւ խորհրդային ամբողջատիրական բռնապետութեան 70 երկար տարիների հալածանքը:
Գոհունակութեամբ եւ առ Աստուած աղօթքով ենք այսօր անդրադառնում, որ քրիստոնէական հաւատի ու վարդապետութեան վրայ հիմնուած այդ ինքնութեան շնորհիւ այսօր էլ հայ ժողովուրդը գոյատեւում է` իբրեւ գերազանցապէս քրիստոնեայ հաւատաւոր ազգ: 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնից յետոյ թէեւ հայ ժողովուրդը զրկուեց իր հայրենիքից ու 1.5 միլիոն իր զաւակներից, դարձաւ աստանդական աշխարհի ամենատարբեր վայրերում ու անկիւններում, սակայն, հաւատարիմ Յիսուս Քրիստոսին հետեւելու իր անմնացորդ նուիրումին, նոյնիսկ այդ վիճակում ստեղծեց հոգեւոր-ազգային, քրիստոնէական մի կուռ միաւոր, որն այսօր անուանում ենք Սփիւռք: Հոգեւոր հայրենիք, որն անտեսանելի ու անխզելի, անթիւ ու անհամար թելերով կապուած է իր այսօրուայ հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան հետ: Այլաբանօրէն ասած` այսօր Հայաստանն ու Սփիւռքը Հայոց Եկեղեցու երկու վճիտ աչքերն են, որոնցով նա կարողանում է տեսնել, յստակեցնել ազգային-հասարակական խնդիրներն ու դրանց լուծումները` միաժամանակ մտահայումով ու աղօթքի զգացումով դրանց յաղթահարումը խարսխելով Աստծու պատուիրանների կենսագործման վրայ», - նշեց Նորին Սրբութիւնը:
Խօսելով մերօրեայ ծառայութեան մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Հայոց Եկեղեցին այսօր նոր ներշնչումով ու եռանդով է լծուած հասարակութեան կեանքի բարելաւմանը: 
«Ձեզ քաջ յայտնի է, որ աւերիչ երկրաշարժը, ղարաբաղեան հակամարտութիւնը, երկրի շրջափակումն իրենց բացասական ազդեցութիւնն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կեանքի վրայ: Անկախութեան առաջին իսկ օրերից Հայոց Եկեղեցին իր ակտիւ մասնակցութեամբ ձեռնամուխ եղաւ վերոյիշեալ երեւոյթների արդիւնքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը: Հայոց Եկեղեցին այսօր արդէն ակտիւ ներկայութիւն ունի հայ հասարակութեան ամենատարբեր շերտերում` Զինուած ուժեր, առողջապահութիւն, կրթութիւն եւ գիտութիւն, մշակոյթ եւ հայապահպանութիւն: Այս իմաստով Եկեղեցին առաւել ջանքեր է ներդնում՝ հասարակութեան մէջ ամրագրելու եւ պահպանելու հոգեւոր-բարոյական արժէքները՝ բացառելու համար արատաւոր եւ մերժելի այն երեւոյթներն ու դրսեւորումները, որոնք խաթարում են մեր ժողովրդի ներկայ կեանքը: Կարեւոր ենք համարում նաեւ արձանագրել Հայոց Եկեղեցու իրականացրած առաքելութիւնը հոգեւոր կրթութեան ու դաստիարակութեան ոլորտում` նորահաս սերնդին տալով հայ քրիստոնեական ինքնութեան եւ Հայոց եկեղեցու մասին անհրաժեշտ ճանաչողական գիտելիքը: Մայր Աթոռն ունի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակ, որն օգնութիւն եւ աջակցութիւն է ցոյց տալիս շուրջ 20.000 անձի»,- ասաց Վեհափառ Հայրապետը: 
Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց նաեւ Եկեղեցու գործունէութեան կարեւոր մէկ ոլորտի եւս` միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւններին` ուղղուած ժողովուրդների միջեւ սիրոյ, համագործակցութեան եւ խաղաղ համակեցութեան ոգու զօրացմանը: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ հաստատեց, որ այդ յարաբերութիւնների ու փոխադարձ կապերի առաւել զօրացմանը նպաստում են նաեւ ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական կառոյցները եւ անձնապէս դեսպանները` շնորհակալութիւն յայտնելով նրանց Մայր Աթոռի եւ եկեղեցական կառոյցների հետ նրանց արդիւնաւէտ համագործակցութեան համար: 
Վերջում Հայոց Հայրապետը դէսպաններին մաղթեց յաջողութիւններ ու նոր ձեռքբերումներ դիւանագիտական պատասխանատու առաքելութեան մէջ` ի խնդիր երկրների եւ ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի զօրացման եւ համագործակցութեան արդիւնաւորման:
Նորին Սրբութիւնը նաեւ պատասխանեց դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին աղքատութեան վերացմանն ուղղուած Եկեղեցու ծրագրերին, ղարաբաղեան հակամարտութեան յանգուցալուծման ուղիներին, Հայոց Եկեղեցու խաղաղարարական ջանքերին, միջեկեղեցական յարաբերութիւններին եւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին:
Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը, Հոգեշնորհ Տ. Աղան աբեղայ Երնջակեանը եւ Մայր Աթոռի «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի տնօրէն պրոֆ. Արմէն Չարչեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն