Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ քահանայական ձեռնադրութիւն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ քահանայական ձեռնադրութիւն

  • 24-10-2016 11:52:36   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 23-ին` Ս. Խաչի գիւտի տօնին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ քահանայական ձեռնադրութիւն: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբեանի ձեռամբ քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը սարկաւագներ:
 
Նախորդ օրը` Երեկոյեան ժամերգութիւնից առաջ, կատարուել էր ընծայման կարգը: Ս. Պատարագի ընթացքում` աղօթքներից յետոյ, «Աստուածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողութեան ներքոյ նորընծաները, դառնալով դէպի ժողովուրդը եւ ծնկի գալով, ձեռքերը վեր բարձրացրած հրաժաւեցին աշխարհից եւ կոչուեցին քահանայութեան: 
Այնուհետեւ, Սրբալոյս Միւռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, Յովնան Սրբազանը նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգեւոր անուններ: Գարիկ սարկաւագ Ասրեանը վերակոչուեց Տ. Ներսէս քահանայ, Արսէն սարկաւագ Հմայակեանը` Տ. Մաշտոց քահանայ, Ժորա սարկաւագ Սարգսեանը` Տ. Յովսէփ քահանայ, Բենիամին սարկաւագ Ոսկանեանը` Տ. Մամբրէ քահանայ,  Նարեկ սարկաւագ Մարդիրեանը` Տ. Եզնիկ քահանայ,  Լեւոն սարկաւագ Սահակեանը` Տ. Սահակ քահանայ,  Արմէն սարկաւագ Մարգարեանը` Տ. Դաւիթ քահանայ, Գեղամ սարկաւագ Նուրիջանեանը` Տ. Եղիշէ քահանայ, իսկ Արթուր սարկաւագ Անտոնեանը՝ Տ. Նարեկ քահանայ: 
Հաւարտ ձեռնադրութեան արարողութեան, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետեւ ձեռնադրող Սրբազանը քարոզեց ձեռնադրութեան խորհրդի մասին` նշելով. «Մեր Տէր Յիսուս Քրիստոս, գալով աշխարհ, ընտրեց տասներկու աշակերտներին, նրանց տուեց իշխանութիւն՝ քարոզելու եւ բժշկելու եւ ուղարկեց աշխարհ: Վերջիններս էլ ընտրեցին իրենց իրաւայաջորդներ՝ ձեռքերը դնելով նրանց գլխին, իշխանութիւն տալով բժշկելու ու դեւեր հանելու եւ իրենց հերթին ուղարկեցին աշխարհի չորս կողմերը: Եւ այսօր, սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ, մենք էլ կատարեցինք ձեռնադրութիւն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը նուիրեալ միաբանների կոչելով քահանայութեան, որպէսզի իրենք նոյնպէս գնան ու կատարեն մեր Տէր Յիսուս Քրիստոսի սիրոյ կտակը՝ քարոզել աշխարհում եւ աշխարհի համար հանդիսանալ աղ եւ լոյս»:
Յովնան Սրբազանը նաեւ իր պատգամը փոխանցեց նորաօծներին: «Շատ մեծ անելիք ունէք: …Պէտք է գնաք դէպի աշխարհ, դէպի ժողովուրդ, պիտի այցելէք իրենց տներ, պիտի յիշեցնէք, որ իրենք յաւիտենական հոգիներ ունեն, պիտի յիշեցնէք, որ իրենք մահկանացու են եւ պէտք է իրենց սովորեցնէք Եկեղեցի տանող ճամփան: …Դուք պէտք է լինէք նրանց հոգեւոր հայրը, պիտի սրբէք նրանց արտասուքները, մուտք գործելով տներ` պիտի խաղաղութիւն բերէք, աղքատների համար յոյս պիտի լինէք, կարօտեալների համար՝ մխիթարութիւն: 
Սիրելի նորաօծ քահանայ եղբայրներ, մեծ գործ ունէք իրականացնելու, սակայն, այդ գործը կատարելու համար դուք միայնակ չէք, ինչպէս Յիսուս Քրիստոս ասաց՝ առէք Ս. Հոգին: Եւ այսօր քահանայական ձեռնադրութեամբ դուք այդ շնորհն ստացաք: 
…Շատ յաճախ Աստծուց պիտի առնէք Իր առատ շնորհները եւ բաշխէք մեր հաւատաւոր ժողովրդին, եւ, ընդհակառակը, մեր ժողովդրդից պէտք է վերցնէք իրենց դարդերը, մտածումները, իրենց մեղքերը եւ մատուցէք Աստծուն: Շատ ծանր, բայց փառաւորեալ է ձեր գործը, որովհետեւ զբաղուելու էք հոգիների փրկութեամբ մարդկանց դէպի յաւիտենականութիւն առաջնորդելու եւ վերջապէս՝ մեր Տիրոջը՝ Աստծու Որդուն էք ներկայացնելու այս աշխարհում», - ասաց ձեռնադրող Սրբազանը` յորդորելով ստացուած կոչումը կեանքով եւ գործով արժեւորել եւ աշխարհի համար իրապէս յոյս եւ լոյս դառնալ:
Մայր Աթոռի տարեգրութեան մէջ յիշարժան այս օրուայ առիթով Յովնան եպիսկոպոսը շնորհաւորեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին եւ հոգեւոր դասին, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսչութեանը եւ դասախօսներին, ինչպէս նաեւ նորաօծների ծնողներին, երէցկանանց ու հարազատներին:
Քարոզից յետոյ ներկայ հոգեւոր դասը` առաջնորդութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարձրացաւ խորան` շնորհաւորելու երիտասարդ քահանաներին եւ համբուրելով նրանց միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը` ստանալու խաղաղութեան առաջին «Ողջոյնը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրեայ պատրաստութեան շրջանից յետոյ նորընծաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան կը կոչուեն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում:
 
  -   Մամլո հաղորդագրություն