Դեկտեմբերի 1-ից իրականացուելու են ձկան ապօրինի որսի եւ վաճառքի արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղուած միջոցառումներ
30-11-2016 18:56:28 | | Մամլո հաղորդագրություն
ՀՀ բնապահպանութեան նախարարութեան ուղերձը.
Յարգելի հայրենակիցնէր,
Դեռ թարմ են յիշողութիւնները, թէ ինչպէս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան առաջին տարիներին, երբ Արցախեան ազատամարտում պայքարող, տնտեսական եւ սոցիալական լուրջ դժուարութիւններին դիմակայող մեր երկրի բնակչութեան սոցիալական խնդիրները մեծապէս մեղմուեցին Սեւանայ լճի սիգի պաշարների շնորհիւ: Այն դժուարին տարիներին սիգի պաշարը, ըստ էութեան, լուծեց ռազմավարական խնդիր: Յետագայ տարիներին սիգի քանակի կտրուկ նուազումը պետական լիազօր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը եւ վերականգնմանն ուղղուած պարբերական գործողութիւնների իրականացումը: Դրանք տալիս են սպասուող արդիւնքները, եւ այսօր ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրութիւններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելաւում, սակայն դրանք դեռեւս արդիւնագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրութիւնն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանութեան նախարարի հրամանով 2016 թուականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 25-ը եւ 2017 թուականի յունուարի 6-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակահատուածում արգելուել է Սեւանայ լճում եւ այնտեղ թափուող գետերում ձկան եւ խեցգետնի որսը: ՀՀ բնապահպանութեան նախարարութեան, ՀՀ ոստիկանութեան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրուած համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղուած միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թոյլ կը տան Սեւանայ լճում ունենալ սիգի արդիւնագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետութեանը հնարաւորութիւն կը տայ տեղի բնակչութեանը տալ արդիւնագործական որսի թոյլտուութիւն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարաւորութիւն կընձեռի հրաժարուել օրէնքին հակասող անպատուաբեր գործողութիւններից: Միւս կողմից էլ օրինական որսը հնարաւորութիւն կստեղծի յստակ հաշուարկել ձկան չափաքանակը եւ կարգաւորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայութեան դէպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատուածը նպատակ է հետապնդում տեղի բնակչութեան համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկէտ արդիւնագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետութեան ողջ բնակչութիւնը հնարաւորութիւն կ'ունենայ կայուն կերպով օգտուել Սեւանի բարիքներից:
ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը կոչ է անում Սեւանայ լճի յարակից համայնքների ազգաբնակչութեանն արգելքի ժամանակահատուածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից եւ վաճառքից: Նմանատիպ դէպքերի յայտնաբերման դէպքում մեղաւորները կը պատժուեն օրէնքի ողջ խստութեամբ: Հանրապետութեան բնակչութեանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած եւ վաճառուող սիգ, որի մի զգալի հատուածը կարող է լինել նաեւ նախկինում որսած եւ սառնարաններում պահուած խմբաքանակից: Հասարակական կազմակերպութիւններին եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: Ձկան ապօրինի վաճառքի եւ որսի իւրաքանչիւր դէպքի ականատես լինելու դէպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանութեան նախարարութեան Թէժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանութիւն: