Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

  • 05-12-2016 19:17:59   |   |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ ինը քահանաների` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի առաջնորդութեամբ:
 
Հովնան Սրբազանը, հայցելով Հայոց Հովուապետի օրհնութիւնը, տեղեկացրեց, որ եկեղեցականները, աւարտելով 40-օրեայ պատրաստութեան շրջանը, դեկտեմբերի 4-ին իրենց անդրանիկ Ս. Պատարագն են մատուցել տարբեր եկեղեցիներում:
Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնութիւնն ու հայրական պատգամը բերելով քահանայ հայրերին, շնորհաւորեց նրանց եւ իր ուրախութիւնը յայտնեց երիտասարդ եկեղեցականների` հովուական ծառայութեան կոչուելու առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նրանք պէտք է լրացնեն հոգեւոր սպասաւորների շարքերը եւ ամէն ջանք ի գործ դնեն բաւարարելու հաւատացեալների հոգեւոր պահանջները:
Նորին Սրբութիւնը նորաօծների ուշադրութիւնը հրաւիրեց նաեւ եկեղեցականի կերպարին` մասնաւորապէս նշելով, որ ժողովուրդը մեծ ակնկալութիւններ ունի հայ եկեղեցականից, նրան ընկալում է իբրեւ Աստծու կողմից առաքելութեան կոչուած անձի եւ նրա մէջ ցանկանում է տեսնել վեհ, մաքուր, աստուածայինը իր մէջ կրող սպասաւորի:
Հայոց Հովուապետը յորդորեց նորաթուխ եկեղեցականներին արդարացնել Եկեղեցու եւ ժողովրդի սպասումները, չընկրկել դժուարութիւնների առջեւ եւ կոչման բարձր գիտակցութեամբ ու նուիրումով զօրացնել ժողովրդի կեանքում քրիստոնէական հաւատը:  
Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց քահանաներին խօսքով, գործով ու կենցաղավարութեամբ աստուածասէր, բարեպաշտ ու հայրենասէր անձի օրինակ լինել իրենց համայնքների համար եւ անսակարկ ծառայութեամբ էլ աւելի բարձրացնել Հայ Եկեղեցու բարի համբաւն ու հեղինակութիւնը:
Հանդիպման վերջում Նորին Սրբութիւնը օրհնեց նորաօծ քահանաներին եւ նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ: Առաջիկայ օրերին քահանայ հայրերը կը մեկնեն իրենց հովուական ծառայութեան վայրերը:
 
  -   Մամլո հաղորդագրություն