Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովուապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովուապետին

  • 12-12-2016 17:48:27   | Հայաստան  |  Հասարակութիւն

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբութիւն Թաւադրոս Բ-ին` Կահիրէի (Եգիպտոս) Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչութեան առիթով, որին զոհ են դարձել բազմաթիւ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան եւ Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցութիւն է յայտնել Նորին Սրբութեանը եւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հաւատացեալներին: 
«Մենք խստագոյնս դատապարտում ենք ահաբեկչական գործողութիւնները քրիստոնէական եկեղեցիներում եւ կոչ ուղղում բարի կամքի տէր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու մարդկութեան դէմ գործուող նման յանցագործութիւններն ու ոճիրները», - ասւում է Վեհափառ Հայրապետի ցաւակցագրում:
Աղօթելով սպանուածների հոգիների հանգստութեան համար` Նորին Սրբութիւնն իր հոգեւոր եղբօրը եւ ղպտի ժողովրդին ցանկացել է Սուրբ Հոգու մխիթարութիւն եւ շուտափոյթ ապաքինում բոլոր վիրաւորներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հաւատացեալներին մաղթել է խաղաղութիւն եւ անվրդով կեանք` առանց նման յանցագործութիւնների եւ սարսափելի ահաբեկչական դրսեւորումների:

 
  -   Հասարակութիւն