Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պետական Էրմիտաժի տնօրէն Միխայիլ Պիոտրովսկուն


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պետական Էրմիտաժի տնօրէն Միխայիլ Պիոտրովսկուն

  • 13-12-2016 17:33:06   |   |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրէն Միխայիլ Պիոտրովսկուն: 
 Նորին Սրբութիւնը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն, իր հայրապետական օրհնութիւնը բերեց եւ շնորհաւորեց վերջինիս Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս ընտրուելու կապակցութեամբ:
 
 Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների եւ Պետական Էրմիտաժի միջեւ ձեւաւորուած սերտ համագործակցութեանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խօսք ասաց Էրմիտաժի տնօրէնին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժէքների վերականգնման եւ պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերուող աջակցութեան, մասնագիտական խորհրդատուութեան եւ Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար: 
 Այնուհետեւ Մ. Պիոտրովսկին ջերմ ընդունելութեան համար շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը` իր հերթին պատրաստակամութիւն յայտնելով անհրաժեշտ զօրակցութիւնը ցուցաբերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգեւոր արժէքների պատշաճ պահպանութեան գործում:
Զրոյցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը եւ Մ. Պիոտրովսկին քննարկեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հաստատման 300-ամեակի առիթով 2017 թուականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդէս կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրէնի առաջարկին որոշուեց նաեւ «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ եւ վարպետութեան դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին ընդգծելով Միխայիլ Պիոտրովսկու բարի վաստակը, մաղթեց, որ Աստուած մշտապէս Իր հովանու ներքոյ պահի ու պահպանի նրան:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արխիւի եւ թանգարանների տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը: 

 
  -   Մամլո հաղորդագրություն