Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Տաւուշի Բերդի տարածաշրջանի զոհուած զինծառայողների ընտանիքներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Տաւուշի Բերդի տարածաշրջանի զոհուած զինծառայողների ընտանիքներին

  • 11-01-2017 18:17:53   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունուարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տաւուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհուած զինծառայողների ընտանիքներին` ուղեկցութեամբ Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի:
Հանդիպմանը ներկայ էին Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիւներ Արժանապատիւ Տ. Արամ քահանայ Միրզոյեանը եւ Արժանապատիւ Տ. Աբէլ քահանայ Քարտաշեանը, Բերդի տարածաշրջանում մարզպետի ներկայացուցիչ Դաւիթ Մխիթարեանը եւ զինուորական կոմիսար փոխգնդապետ Գագիկ Խաչատրեանը, երկօրեայ այցի հովանաւորութիւնը ստանձնած մոսկուաբնակ Կարօ Առաքելեանը եւ կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած Ալիկ Աւագեանը:
 
Բագրատ Սրբազանը, տաւուշցիների անունից շնորհաւորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, Նորին Սրբութեանը մաղթեց քաջառողջութիւն, երկար տարիների կեանք ու բեղուն գործունէութիւն: Տաւուշի թեմի առաջնորդը նաեւ իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Տաւուշի սահմանապահ ժողովրդի հանդէպ ցուցաբերուող յատուկ ուշադրութեան համար: 
Այնուհետեւ թուով 19 մայրերին եւ 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամէնքին Տէր Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան կենդանարար աւետիսը: 
Նորին Սրբութիւնը վստահութեամբ ընդգծեց, որ այս այցելութիւնն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տաւուշցիների հոգում եւ, իրենց հոգեւոր հովիւների գործունէութեան շնորհիւ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մէջ ամփոփուած արժէքներին, որոնցով ոգեշնչուել են իրենց հայրերը եւ այսուհետ եւս պիտի ոգեշնչուեն հայոց ազգի զաւակներ: 
Մանուկներին եւ պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի եւ փափագների, որ իրենց ծննդեան առաջին իսկ օրուանից ունեցել են իրենց մայրերը եւ Հայրենիքի խաղաղութեան համար իրենց կեանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կեանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի նրանց զաւակներին: «Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին էք կրում ձեր մէջ` ապրելով սահմանամերձ գիւղերում եւ ձեր կեանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն եւ անսասան` մեր երկրի խաղաղութիւնը», - ասաց Նորին Սրբութիւնը` մաղթելով, որ մշտապէս ապրեն Աստծոյ օրհնութեան եւ պահպանութեան ներքոյ:
Իր գնահատանքը յայտնելով թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր սպասաւորներին եւ այցի կազմակերպիչներին` Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց, որ Երկնաւոր Տէրն իր բարի հայեացքի ներքոյ պահի Հայաստան աշխարհը եւ մեր ժողովրդի աստուածասէր զաւակներին:
Վերջում երիտասարդներն անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին` Հայոց Հօրն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպէս նաեւ ասմունքելով եւ կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նուէրներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  ամռանը նրանց համար կը կազմակերպի նաեւ ուխտագնացութիւն: 
Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին մայրավանքում, աղօթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում եւ տարբեր կառոյցներում:
Զոհուած զինծառայողների ընտանիքները Երեւանում եւս կ'այցելեն հոգեւոր-մշակութային տարբեր հաստատութիւններ, մանուկների համար կը կազմակերպուի տօնական հանդէս:

 
  -   Մամլո հաղորդագրություն