Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

  • 02-02-2017 12:01:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ֆինլանդիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արեայ Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի):
 
Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների եւ տարբեր ոլորտներում գործակցութեան զարգացման կապակցութեամբ` ընդգծելով, որ այդ բարեկամական յարաբերութիւնների արտայայտութիւնն են նաեւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ Ֆինլանդիայի եկեղեցիների միջեւ առկայ եղբայրական կապերը:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը երախտագիտութեամբ վերյիշեց 2015 թուականին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի արարողութիւններին Ֆինլանդիայի Ուղղափառ եւ Լիւթերական Եկեղեցիների պատուիրակութիւնների բերած մասնակցութիւնը: 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձաւ 2004 թուականին Ֆինլանդիայ կատարած իր այցին, հանդիպումներին Եկեղեցիների առաջնորդների եւ փոքրաթիւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  Դեսպան Արեայ Մակոնեն իր հերթին նշեց, որ իր համար մեծագոյն պատիւ է գտնուել Մայր Աթոռում ու հանդիպել Հայոց Հովուապետին: Նա վստահութիւն յայտնեց, որ հնարաւոր ամէնը կ'անի, որպէսզի բարեկամական կապերն էլ աւելի զօրանան եւ Հայաստանն ու Ֆինլանդիան փոխադարձաբար աւելի ճանաչելի դառնան միմեանց համար:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դեսպանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելութեանը, սոցիալական ու կրթական գործունէութեանը, ինչպէս նաեւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրաւէրներին ու դրանց յաղթահարման հրամայականներին: 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ դեսպանին յաջողութիւններ մաղթեց դիւանագիտական իր առաքելութեան մէջ: 
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն