Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատումը<br /> վտանգաւոր է Հայաստանի ժողովրդի համար,- գտնում է Ալեք Ենիգոմշյանը<br />


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատումը
վտանգաւոր է Հայաստանի ժողովրդի համար,- գտնում է Ալեք Ենիգոմշյանը

  • 20-11-2009 15:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայոց ցեղասպանութիւնը առ այսօր Թուրքիայի կողմից շարունակում է մնալ չճանաչուած, Արեւմտյան Հայաստանը` բռնազաւթուած, իսկ Սփիւռքի իրաւունքները` ոտնահարուած»,- նոյեմբերի 20-ի քննարկմանը յայտարարեց «Մոնթէ Մելքոնեան» հիմնադրամի տնօրէն Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ հայ-թուրքական շարունակւող հակամարտութեան պայմաններում երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը վտանգաւոր է Հայաստանի ժողովրդի համար: Այդ յարաբերութիւնների կարգաւորումը, ըստ Ա.Ենիգոմշյանի, ձեռնտու է միայն Հայաստանի իշխող վարչախմբին` ինչպէս սեփական բիզնեսն ընդլայնելու, այնպէս էլ արտաքին աշխարհի աչքում բարձրանալու առումով: Նա յաւելեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման հեռանկարից խուսափելու համար Հայաստանը նախեւառաջ պէտք է լուծի իր ներքին քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական խնդիրները: «Մեր գլխաւոր խնդիրը երկրի ներքին առողջացումն է»,- նշեց Ա.Ենիգոմշյանը` նկատելով, որ ներկայիս ընդդիմությունը չի կարող լուծել այդ խնդիրը, եւ հետեւաբար «պէտք է կազմակերպուեն» առաջադէմ, հայրենասէր ուժերը: «Սարդարապատ» շարժման կազմկոմիտէի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշեց, որ Թուրքիան վերջին տասնամեակում մեծ խնդիրներ ունի ազգային փոքրամասնությունների հետ: «Այն, ինչ մենք հիմա անուանում ենք «Թուրքիա», վերացական հասկացութիւն է, քանի որ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը բնակեցուած է քրդերով»,- ասաց նա: Տ.Խզմալեանի դիտարկմամբ, անհրաժեշտ է մշակել ծրագիր, որը թոյլ կտայ ընդհանուր շահեր գտնել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թւում` համշենահայերի հետ: «Հայ կամաւորականների համախմբում» նախաձեռնութեան համակարգող Ժիրայր Սեֆիլեանի խօսքերով, վերջին ամիսներին իշխանութիւնները փորձում էին ապացուցել, թէ իբր հայ ժողովրդի մեծ մասը կողմ է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը: «Մենք պէտք է մի ձեւ գտնենք իրական պատկերը ցոյց տալու, ժողովրդի իրական տեսակետը բարձրաձայնելու համար, եւ դա անենք այնպէս, որ այլեւս ոչ ոք կասկածի տակ չդնի այդ տեսակետը»,- ասաց Ժ.Սեֆիլեանը:
  -   Քաղաքական