Բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը


Բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը

  • 17-03-2017 15:12:57   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

 
Ինչպէս տեղեկացանք ՀՀ գլխաւոր դատախազութիւնից, այստեղ կայացած օպերատիւ խորհրդակցութեան ընթացքում պլանաւորուած միջոցառումների
իրականացմամբ բացայայտուել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանութիւն կատարողների ամբողջական շրջանակը:
2016 թուականի նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտէի Լոռու մարզային քննչական վարչութիւնում, ՀՀ քրէական օրէնսգրքի 104-րդ յօդուածի 1-ին մասի յատկանիշներով յարուցուել է քրէական գործ`  նախորդ օրը` նոյեմբերի 20-ին, երեկոյեան ժամը 22.30-ի սահմաններում, անյայտ անձի կողմից Վանաձոր քաղաքի բնակիչ Հ. ԱՅ.-ին սուր-կտրող ծակող գործիքով հարուածներ հասցնելու եւ սպանելու դէպքի առթիւ:
Քրէական գործի յարուցումից յետոյ, 2016 թուականի նոյեմբերի 21-ին, ժամը 15:40-ի սահմաններում, յանցագործութիւնը կատարելու մեղայականով ՀՀ ոստիկանութեան Վանաձոր քաղաքի Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Մ. ԱՅ.-ն:
Նախաքննութեան ընթացքում Մ. ԱՅ.-ն յայտնել է, որ 2016 թուականի նոյեմբերի 20-ին, երեկոյեան ժամը 22.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ, այն է` իրեն երկար նայելու եւ հայհոյելու պատճառով վիճաբանել է Հ. ԱՅ.-ի հետ եւ իր մօտ գտնուող դանակներով հարուածներ հասցնելով վերջինիս, սպանել է նրան:
Նկատի ունենալով, որ քննութեամբ ձեռք բերուած տուեալները ամբողջովին չէին համընկնում մեղադրեալի կողմից նկարագրուած հանգամանքներին, աւելին` հիմք էին տալիս հետեւութեան, որ Հ. ԱՅ.-ն կեանքից զրկուել է ոչ միայն Մ. ԱՅ.-ի գործողութիւնների արդիւնքում, ՀՀ գլխաւոր դատախազի յանձնարարութեամբ ոլորտը համակարգող նրա տեղակալի մօտ  2017թ. մարտի 11-ին ՀՀ գլխաւոր դատախազութեան հետաքննութեան եւ նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութեան վարչութեան, ՀՀ ոստիկանութեան քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան, Լոռու մարզի դատախազութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցած օպերատիւ խորհրդակցութեան ընթացքում, գնահատելով քրէական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի, նախաքննութեամբ ձեռք բերուած տուեալների բազմակողմանի ուսումնասիրման, ստուգման, համադրման, ինչպէս նաեւ ՀՀ ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցութեան  արդիւնքում ի յայտ եկած մի շարք հանգամանքներ, մասնաւորապէս`  այն, որ յանցագործութեան կատարմանը կարող էին մասնակից լինել մէկից աւելի անձինք, համապատասխան օպերատիւ–հետախուզական միջոցառումներ կատարելու յանձնարարականներ են տրուել ՀՀ ոստիկանութեան ներկայացուցիչներին:
 Համակարգուած եւ իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում, դատավարական համապատասխան գործողութիւններով ամրագրուած ապացոյցների հիման վրայ, 2017թ. մարտի 16-ին, յանցագործութեան կատարմանը մասնակից լինելու կասկածանքով, ձերբակալուել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն:
 ՀՀ գլխաւոր դատախազութիւնից ծանուցում են նաեւ, որ ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա  մեղաւորութիւնն  ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ  մտած դատավճռով:
 
  -   Մարդու իրաւունքներ