Էդվարդ Նալբանդեանը ներկայ է գտնուել Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի սերանորոգմանը նուիրուած հանդիսաւոր արարողութեանը


Էդվարդ Նալբանդեանը ներկայ է գտնուել Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի սերանորոգմանը նուիրուած հանդիսաւոր արարողութեանը

  • 22-03-2017 15:17:56   |   |  Մամլո հաղորդագրություն

 Մարտի 22-ին Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարում տեղի ունեցաւ Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նուիրուած հանդիսաւոր արարողութիւն, որին մասնակցեց Հայաստանի պաշտօնական պատուիրակութիւնը` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանի գլխաւորութեամբ:
 
Արարողութեանը ներկայ էին Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնէական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիւ հաւատացեալներ: Նոյն օրն առաւօտեան Էդվարդ Նալբանդեանը այցելեց Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցաւ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի հետ: Այնուհետեւ Նուրհան պատրիարքի եւ նախարար Նալբանդեանի առաջնորդութեամբ հայկական թափօրն ուղեւորուեց Սուրբ Յարութեան տաճար, ուր տեղի ունեցաւ հանդիսաւոր արարողութիւն` նուիրուած Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը: Արարողութեանը ելոյթներով հանդէս եկան Երուսաղէմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը, Յունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմէոսը, Յունական ուղղափառ եկեղեցու Երուսաղէմի պատրիարք Թեֆոիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկանների ուխտի Երուսաղէմի առաջնորդ Ֆրանչեսկոյ Պատօնը: Ընթերցուեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը: Սուրբ Գերեզմանը քրիստոնէական աշխարհի գլխաւոր սրբավայրերից է, որտեղ խաչելութիւնից յետոյ ամփոփուել է Յիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելութեան եւ մի շարք այլ սրբավայրերի վրայ 4-րդ դարում Բիւզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Յարութեան տաճարը: Նախորդ տարուայ մայիսին Սբ. Գերեզմանի իրաւատէր երեք եկեղեցիների` Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի, Յունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրաւուած էին նաեւ հայ ճարտարապետները: Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգուել էր 1808թ.:
  -   Մամլո հաղորդագրություն