Ադըղեում անցկացուեց Համշենահայոց 9-րդ փառատոնը<br />


Ադըղեում անցկացուեց Համշենահայոց 9-րդ փառատոնը

  • 20-10-2009 19:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄԱՅԿՈՊ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադըղէի Հանրապետութեան Մայկոպի շրջանի Պրոլետարսկի խուտորի մշակոյթի տանը հոկտեմբերի 18-ին կայացաւ «Փչիր Համշենի զուռնա» հայ մշակոյթի 9-րդ փառատոնը, որ նուիրուած էր լեգենդար զուռնահար Վարդան Զեբելյանի յիշատակին: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Կրասնոդարից մինչեւ Սուխում աւագ սերնդի համշենցիները յիշում են այս անկրկնելի երաժշտին: Աւանդաբար փառատոնն անցկացւում է համշենահայերի բնակութեան վայրերում: «Մեր խուտորում ապրում են համշենահայերի սերունդներ, որ եկել են Արեւմտյան Հայաստանից, թուրքական իշխանութիւնների կազմակերպած Հայոց ցեղասպանութեան հետեւանքով նրանք ստիպուած լքել են իրենց հայրենիքը եւ հասել մերձսեւծովյան շրջաններ ու Հիւսիսային Կովկաս»,- յայտնել է Փառնակ Կուկուլյանը` Ռուսաստանի հայերի միութեան Ադըղէի հանրապետական բաժանմունքի նախագահը, որ միաւորում է հանրապետութեան մօտ 25 հազար հայութեանը: Փառատօնին, որ Ադըղեում անցկացւում էր առաջին անգամ, իրենց կատարողական արուեստը ցուցադրելու էին եկել ժողովրդական պարային եւ վոկալ խմբեր Կրասնոդարի երկրամասի քաղաքներից ու ավաններից (Կրասնոդար, Սոչի, Արմաւիր, Անապա, Տուապսեի շրջան) եւ Ադըղէի Հանրապետութեան խուտորներից: Ազգագրական այս փառատոնի գլխաւոր նպատակն է պահպանել եւ հարստացնել ժողովրդական կատարողական արուեստը, հայ ժողովրդի երաժշտական փորձը, սովորույթներն ու մշակոյթը: Տոնի կազմակերպիչն էր Սոչի քաղաքի Լազարեւսկի շրջանի Ազգային մշակությների կենտրոնը, իսկ նախաձեռնողն ու ոգեշնչողը` յայտնի բանաստեղծ, Ռուսաստանի եւ Հայաստանի գրողների միութիւնների անդամ, Ռուսաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Սոչիի Լազարեւսկի շրջանի մշակոյթի բաժնի ղեկավար Գրիգոր Մազլումյանը: Փառատոնի բոլոր մասնակիցները պարգեւատրուեցին յուշանուերներով եւ պատուոգրերով:
  -   Հասարակութիւն