Ապրիլի 6-ը հռչակուել է համայնավարական բռնապետութեան տարիներին հալածուած եւ նահատակուած հոգեւորականների յիշատակի օր


Ապրիլի 6-ը հռչակուել է համայնավարական բռնապետութեան տարիներին հալածուած եւ նահատակուած հոգեւորականների յիշատակի օր

  • 06-04-2017 18:02:20   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգեւորականաց յուշապատի առջեւ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգստեան կարգ համայնավար բռնապետութեան զոհ դարձած հոգեւորականների համար: 
Արարողութեան ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խօրէն Ա. Մուրադբեկեան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակութեան օրը, հռչակեց համայնավարական բռնապետութեան տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկուած եւ նահատակուած հոգեւորականների յիշատակի օր:
Հոգեհանգստեան կարգին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, պաշտօնէութիւնը եւ բարեպաշտ հաւատացեալներ, ինչպէս նաեւ բռնադատուած եկեղեցականների ժառանգներ եւ հարազատներ:
Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրուայ խորհրդի շուրջ իր պատգամն ուղղեց ներկաներին:
«Աղօթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետութեան տարիներին նահատակուած մեր Սուրբ Եկեղեցու արժանաւոր սպասաւորների հոգեհանգստեան արարողութիւնը:
Մեր նահատակեալ հոգեւորականների շարքում է նաեւ եկեղեցամարտ իշխանութիւնների կողմից բռնութեան ենթարկուած ու սպանուած Խօրէն Ա. Մուրադբեկեան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժուարին ժամանակներում հայոց հոգեւոր կեանքի վերազարթօնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահուան տարելիցն է այսօր:
Ոգեկոչման այս արարողութիւնը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմութեան հոլովոյթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձութիւններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանուել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում` շնորհիւ նուիրեալ սպասաւորների կորովի ջանքերի ու սխրանքների: Երկնահաճոյ եւ ազգօգուտ ծառայութիւնը նորոգ ձեռքբերումներով զարդարելու վճռականութեամբ լցուած` հալածանքների ժամանակաշրջանում Տիրոջ արժանաւոր սպասաւորները ապրում ու գործում էին բազում արգելքների ու խոչընդոտների մէջ, առ Բարձրեալն աղօթքով, առ Քրիստոս մեր Տէրը անբեկանելի հաւատարմութեամբ եւ լուսաւոր գալիքի յոյսով: Պատմական այդ ծանր շրջանում մեր հոգեւորականներն իրենց կեանքը զոհեցին, որպէսզի անմար մնա հաւատքի լոյսը հայոց մէջ, շարունակուի մեր Սուրբ Եկեղեցու առաքելութիւնը եւ հաւատաւոր հայոց ազգին դէպի  փրկութիւն եւ յաւիտենութիւն առաջնորդելու ծառայութիւնը` համահունչ առաքելական խօսքին. «Ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ` ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է» (Բ Կորնթ. ԱՅ 5-6):
Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանութեան, հընթացս որի նահատակուեցին նաեւ բազում հոգեւորականներ, ստալինեան բռնապետութեան հալածանքներից ու եղեռնագործութիւններից եւս չընկճուեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետեւորդների կամքի հզօրութիւնը եւ հաւատքի մեծագոյն ուժը:   
Այդ եկեղեցականների լուսաւոր կերպարը եւ անձնազոհութեան դրսեւորումը վառ օրինակ է եւ ուսանելի մեր ժամանակի հոգեւորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նոյն նախանձախնդիր ոգով ու գովարժան յանձնառութիւններով առաւել արդիւնազարդելու նուիրեալ ծառայագործութիւնը, արգասաւորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելութիւնը հայրենիքի եւ մեր ժողովրդի կեանքում:
Սիրելիներ, Մեր անձնազոհ հոգեւորականների վառ յիշատակի առջեւ յարգանքով եւ խոնարհումով Հայոց երանեալ Հայրապետ Խօրէն Ա. Մուրադբեկեանի նահատակութեան օրը` ապրիլի 6-ը, հռչակում ենք համայնավարական աստուածամերժ բռնապետութեան տարիներին հալածանքների ու աքսորի ենթակուած եւ նահատակուած եկեղեցականների յիշատակի օր», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ոգեկոչման արարողութեան առիթով Նորին Սրբութիւնը Հայրապետական իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց նահատակուած հոգեւորականների յիշատակը յաւէրժացնող յուշապատի կառուցման բարերար Ալեքսանդր Տէր-Աւանեսովին (Մոսկուայ, ՌԴ) եւ շինարար Գագիկ Գալստեանին, աղօթքով յիշեց յուշարձանի ճարտարապետ լուսահոգի Ջիմ Թորոսեանին:
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնաւոր Տէրը անսասան պահի հայրենի պետութիւնը, Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ խաղաղ` հայոց աշխարհը:

 
  -   Մամլո հաղորդագրություն