Հայերը, բուլղարացիների նման պէտք է փոխհատուցում պահանջեն<br /> Թուրքիայից<br />


Հայերը, բուլղարացիների նման պէտք է փոխհատուցում պահանջեն
Թուրքիայից

  • 13-01-2010 14:38:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Բուլղարիայի` Արտերկրի բուլղարացիների հարցերով գործակալութեան նախարար Բոժիդար Դիմիտրովը, նոր տարուայ շեմին «մեծ փոթորիկ առաջացրեց»` սպառնալով արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն (ԵՄ), քանի դեռ նա միլիարդաւոր դոլարների փոխհատուցում չի վճարել օսմանեան ժամանակաշրջանում բռնի տեղահանված բուլղարացիների համար: Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան պարտաւոր է 20 մլրդ դոլար վճարել Բուլղարիային` 1913 թուականին հարիւր հազարաւոր էթնիկ բուլղարացիների արտաքսման համար: 1923 թուականին հիմնադրուած Թուրքիայի Հանրապետութիւնը` համաձայն 1925 թուականի պայմանագրի, իր վրայ է վերցրել Օսմանեան կայսրութեան պարտաւորութիւնները եւ համաձայնել է փոխհատուցում վճարել, սակայն Բուլղարիայի կառավարութիւնը մինչ օրս այն չի ստացել: «Թուրքիան, իհարկէ կարող է այդ գումարը վճարել, վերջիվերջոյ խոշոր տնտեսական հզորութիւն ունեցող 16-րդ երկիրն է աշխարհում», ասաց Դիմիտրովը, օգուտ քաղելով թուրք պաշտօնեաների կողմից իրենց երկրի տնտեսական հզորութեան մասին բազմիցս հնչող պարծենկոտ յայտարարութիւնից: Դիմիտրովը պարզաբանեց, որ 1925 թուականի պայմանագրի պահանջներին համապատասխան փոխհատուցման վճարումը Բուլղարիայի երեք նախապայմաններից մէկն է, որպէսզի վետօ չդնի ԵՄ Թուրքիայի ընդունման վրայ: Միւս երկու նախապայմանները վերաբերում են Բուլղարիայի ներգրաւմանը էներգետիկ եւ ջրային ռեսուրսների կառավարման հարցերում: Բուլղարիայի կառավարութեան խօսնակ Վեսելին Նինովը, յունվարի 4-ին «EUobserver»-ում հաստատեց, որ Դիմիտրովի յայտարարութիւնը ներկայացնում է երկրի պաշտօնական քաղաքականութիւնը: Նա բացայայտեց, որ այդ բանավէճի կարգաւորմամբ զբաղւում է «Թուրք-բուլղարական միջկառավարական աշխատանքային խումբը», իսկ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը Թուրքիա կատարելիք իր առաջիկայ այցի ընթացքում կբարձրացնի փոխհատուցման հարցը: Սրան հետեւեց թուրք պաշտօնեաների արագ եւ խիստ արձագանքը: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկնեց այն նոյն անհիմն մեղադրանքները, որոնք թուրք ղեկավարները ներկայացնում են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ. այդ ժամանակաշրջանում նոյնքան թուրք է տուժել, որքանն բուլղարացի: Ըստ «Zaman» թերթի, Դավութօղլուն զգուշացրել է, որ փոխհատուցման վերաբերեալ Բուլղարիայի պահանջները կարող են վնասել երկկողմ յարաբերութիւններին, չնայած դրան նա հաստատել է, որ «Օսմանեան կայսրութեան վերջին օրերին թուրքերի եւ բուլղարացիների զանգվածային տեղաշարժերի հետ կապուած հիմնախնդիրները քննարկւում են երկու երկրների կողմից»: Բուլղարացի պաշտօնեաներն անմիջապէս ընկրկեցին, հասկանալով, որ այս խնդրում Թուրքիայի հետ բացէիբաց առճակատումը իրենց աւելի քիչ օգուտ կբերի, քան փակ դռների յետեւում բանակցութիւններ վարելը: Բուլղարիայի փոխարտգործնախարար Մարին Ռայկովը հարթելով Դիմիտրովի պահանջները` յայտարարեց, որ իր երկիրը Թուրքիայի Եւրամիութեանը միանալու յայտը չի պայմանավորում տեղահանուածների համար փոխհատուցման խնդրի վերաբերեալ որոշմամբ: Այդ ընթացքում վարչապետ Բորիսովը հանդիմանեց Դիմիտրովին եւ սպառնաց նրան պաշտօնանկ անել, եթէ նա յետագայում նման յայտարարութիւն անելիս նախօրոք չխորհրդակցի իր հետ: Նախարար Դիմիտրովը շտապ ներողութիւն հայցեց` պաշտօնից չզրկվելու համար: Իսկ ահա մամլոյ պատասխանատու Վեսելին Նինովի բախտը չբերեց. նրան հեռացրին զբաղեցրած պաշտօնից` Դիմիտրովի կողմից աւելի վաղ արուած յայտարարութիւնը հաստատելու համար: Բուլղարիայի ղեկավարները գտնում են, որ ներկայումս դեռ վաղ է փոխհատուցման վերաբերեալ իրենց պահանջները բացէիբաց կապել Թուրքիայի Եւրամիութեան անդամութեան յայտի հետ, չնայած շատ բուլղարացիներ տասնամեակներ շարունակ համառօրէն պահանջում են նման փոխհատուցումներ: Հետեւաբար սոյն խնդիրը մնում է երկու երկրների օրակարգում, փչացնելով Թուրքիայի յաճախակի հնչող յայտարարութիւնը` զրո խնդիրներ կամ վէճեր հարեւանների հետ: Չնայած վարչապետ Բորիսովի վերապահությանը, այժմ Բուլղարիան մի նոր խոչընդոտ է ստեղծել Թուրքիայի ԵՄ անդամակցութեան համար, որը գնալով էլ աւելի է դժուարանում: Արդէն մի շարք եւրոպական երկրներ, այդ թւում` Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները եւ Աուստրիան վճռականօրէն դէմ են արտայայտուել ԵՄ Թուրքիայի անդամակցութեանը: Հունաստանն ու Կիպրոսը թոյլ չեն տայ Թուրքիային միանալ Եւրամիութեանը, քանի դեռ թուրքական զորքերը դուրս չեն բերուել Հիւսիսային Կիպրոսից: Բացի այդ, Թուրքիայի համար անհնարին կլինի միանալ ԵՄ-ին, չկատարելով այդ կառոյցի գլխաւոր պահանջը` բացել սահմանները բոլոր հարեւան երկրների հետ: Այսպիսով, Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բացել սահմանները Հայաստանի հետ` անկախ հայ-թուրքական արձանագրութիւնների ճակատագրից: Բացի ԵՄ-ին միանալու խոչընդոտներից, Թուրքիան ծանրաբեռնուած է նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում իր դէմ ներկայցված մեծ թւով հայցերով: Եթէ Թուրքիան հրաժարուի Բուլղարիային փոխհատուցում վճարել 1913 թուականի փախստականների համար, ապա կյայտնուի աւելի բարդ իրաւական խնդիրների առաջ: Սակայն, Եվրադատարանում դատական գործերը շահելու Թուրքիայի շանսերն այնքան էլ բարձր չեն: Մի քանի կարեւոր դատավարութիւններ Թուրքիան արդէն տանուլ է տուել` կապուած Հիւսիսային Կիպրոսի բռնազաւթման հետ: Բացի այդ, Թուրքիայում յունական եւ հայկական փոքրամասնությունների հաստատութիւնները, Եվրադատարանի միջոցով հաջողութեամբ վերականգնել են իրենց տասնամեակներ առաջ բռնագրաւուած անշարժ գոյքի մի մասը: Քաջալերված այս յաջող դատական հայցերից` Թուրքիայում եւ ամբողջ Եվրոպայում բնակուող հայերը պէտք է իրաւական ճանապարհով, Եվրադատարանի միջոցով վերականգնեն Ցեղասպանութեան ժամանակ իրենց անհամար կորուստները: Հայցերը կարող են ներկայացուել մասնաւոր սեփականութեան, բանկային հաշիւների, անշարժ գոյքի, յուշարձանների եւ եկեղեցիների կորստի համար: Չկայ խաղաղութիւն` առանց արդարութեան: Չկայ հաշտեցում` առանց փոխհատուցման:
  -   Յօդուածներ