Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ ուխտաւորների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ ուխտաւորների հետ

  • 12-06-2017 17:16:39   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան եւ Արեւմտեան, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտաւորներին:
Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը փոխանցեց ուխտաւոր հայորդիներին եւ նրանց հոգեւոր հովիւներին` ուրախութիւն յայտնելով, որ ուխտի են եկել համայն հայութեան հոգեւոր կենտրոն, որը դարէր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով յոյս ու հաւատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովուապպետական ացելութիւնների ժամանակ մշտապէս տեսել է ամերիկահայ եւ աւստրալահայ համայնքների զօրաւոր հաւատքը եւ անվերապահ սերն ու նուիրումը համայն հայութեան Սրբութիւն Սրբոցի եւ Հայոց Հայրապետի նկատմամբ: 
 
Վեհափառ Հայրապետը համոզմունք յայտնեց ուխտաւորներին, որ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելութիւնը կը կերպարանափոխի նրանց հոգին եւ նոր ներշնչանքի աղբիւր կը դառնայ` հայրենիքով առաւել զօրացած վերադառնալու իրենց երկրները եւ շարունակելու իրենց ազգանուէր ու եկեղեցասէր ընթացքը:
Վերջում Նորին Սրբութիւնն իր աղօթքն ու մաղթանքները փոխանցեց ամերիկահայ եւ աւստրալահայ համայնքներին` հայցելով, որ Աստծու օրհնութեան ներքոյ ապրեն խաղաղ եւ ապահով, պահպանեն հայրենի ժառանգութիւնը եւ աւելի շէնացնեն իրենց համայնքային կեանքը: 
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգեւոր- կրթական հաստատութիւններին եւ Սփիւռքի առջեւ ծառացող զանազան մարտահրաւէրներին: 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն