Առաջարկւում է կրկին երկարաձգել «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտը


Առաջարկւում է կրկին երկարաձգել «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտը

  • 20-06-2011 14:57:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի կառավարութիւնն առաջարկում է կրկին երկարաձգել «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտը: Օրէնսդրական նախաձեռնութիւնը ներառուած է յունիսի 21-ին գումարուելիք Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Յիշեալ փոփոխութեան ընդունման դէպքում, մինչեւ 2011 թուականի մայիսի 1-ի գարնանային զօրակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինուորական ծառայութիւնից խուսափած քաղաքացիներին հնարաւորութիւն կ'ընձեռնուի սահմանուած ժամկէտում մուծել համապատասխան վճարը, որից յետոյ կը դադարեցուի նրանց նկատմամբ յարուցուած քրէական հետապնդումը: Արդիւնքում, նրանք կը կարողանան անարգել վերադառնալ Հայաստան: Նշենք, որ 18-ից մինչեւ 27 տարեկան բոլոր զօրահաւաքներից խուսափելու համար ընդհանուր առաւելագոյն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ ( շուրջ 4.8 հազար ԱՄՆ դոլար): Առանձին կատեգորիաների համար նախատեսուած էն նաեւ զեղչեր, մասնաւորապէս, եթէ այդ ընթացքում սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ երկու երեխայ է ունեցել, կամ ծնողներից մէկը հաշմանդամի կարգ ունի եւ այլն: Օրէնքի կիրառման արդիւնքում ստացած վճարները մուտքագրւում էն Հայաստանի պաշտպանութեան բնագաւառում պետական լիազօր մարմնի կողմից այդ նպատակով բացուած յատուկ հաշուին եւ ուղղւում էն ռազմատեխնիկական նշանակութեան ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսաւորմանը: Կառավարութեան հիմնաւորմամբ, «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտն երկարաձգելու անհրաժեշտութիւնը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ 2003թ.-ից գործող օրէնքում արդէն իսկ երեք անգամ կատարուել է նմանատիպ փոփոխութիւն, որը մեծ խթան է հանդիսացել հարիւրաւոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում: Նշենք, որ վերջին անգամ Աժ-ն` կառավարութեան նախաձեռնութեամբ, օրէնքում փոփոխութիւն է կատարել նախորդ տարուայ դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում` օրէնքի գործողութեան ժամկէտն երկարաձգուելով մինչեւ 2010թ.-ի նոյեմբերի 1-ը: Ըստ ներկայացուած տեղեկանքի, 2010թուականին օրէնքի կիրառման արդիւնքում յատուկ հաշուին մուտքագրուել է 870 միլիոն 955 հազար 900դրամ: Օրէնքի գործողութեան ժամկէտը վեց ամսով երկարացուելու դէպքում, կառավարութիւնն ակնկալում է 2011թ.-ին եւ յաջորդ տարիներին լրացուցիչ 400 միլիոն դրամից աւելի գումարների մուտքեր յատուկ հաշուին:
  -   Հասարակութիւն