Տիգրան Սարգսեան. «Հայաստանը կարեւորում է<br /> համագործակցութիւնը FAO-ի հետ»<br />


Տիգրան Սարգսեան. «Հայաստանը կարեւորում է
համագործակցութիւնը FAO-ի հետ»

  • 17-11-2009 19:24:00   |   |  Տնտեսութիւն
ՀՌՈՄ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան (FAO) համաժողովին մասնակցելու նպատակով Իտալիայում գտնուող Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը համաժողովում ունեցած իր ելոյթում յայտարարել է, որ Հայաստանը պաշտպանում է պարենային ապահովութեան վերաբերեալ գագաթաժողովի հռչակագիրը: Այն, ըստ Տ.Սարգսեյանի, համապատասխանում է ՀՀ կառավարութեան տեսլականին, ու դրանում արտայայտուած սկզբունքները Հայաստանի համար ընդունելի են: Նա նաեւ նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան Գիւղատնտեսական հարցերով եւրոպական յանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու Կազմակերպութեան եւրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թուականի մայիսի 10-14-ին Երեւանում անցկացնելու մասին որոշումը: ՀՀ վարչապետը հոյս է յայտնել, որ Երեւանում կայացրած որոշումները եւս կնպաստեն պարենային անվտանգութեան մակարդակի զգալի բարձրացմանը: Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՄԱԿ-ի Պարենի ու գիւղատնտեսութեան կազմակերպութեան գլխաւոր տնօրէն, դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպութեան միջեւ համագործակցութեան հարցերը: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցութիւնը FAO-ի հետ, ինչպէս նաեւ այդ կազմակերպութեան կողմից Հայաստանում իրականացրած եւ ներկայումս իրականացyող ծրագրերը: Տ.Սարգսեանը յատուկ ընդգծել է հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծութեան, ձկնաբուծութեան, գիւղատնտեսական կենդանիների հաշուառման եւ համարակալման համակարգի ստեղծման, գիւղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցութեան զարգացումը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նոյեմբերի 17-ի ուշ երեկոյեան Տ.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնը կվերադառնայ Երեւան:
  -   Տնտեսութիւն